Ադրբեջանական լրատվամիջոցները Իրանի արտգործնախարարության անունից երեկ տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։
Բանն այն է, որ Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ այն վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։
«Մենք և Թուրքիան հաշվի ենք առել, որ երկու երկրների համար կարևոր է երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, և փորձել ենք ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը։ Հավանաբար, շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի» -լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էսմայիլ Բաղային։
Ստացվում է, որ այս հայտարարությունն ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներ և որոշ տելեգրամյան ալիքներ խեղաթյուրել են և ներկայացրել, թե խոսքըն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։
Նույն ճեպազրույցի ժամանակ իրանցի դիվանագետը, անդրադառնալով Հարավային Կովկասում կապի ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, հաստատել է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում։ «Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ողջունում ենք տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն ընդգծում ենք, որ պետք է հարգել երկրների ինքնիշխան իրավունքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի տարեվերջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր «գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, 2024 թվականի տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան