Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին:
Այս մասին Minval-ին հայտնել է դատավորների կոլեգիայի անդամ Անար Ռզաևը։ Նա հավելել է՝ հնարավոր է, որ գործընթացի որոշ հատվածներ լսվեն փակ դռների հետևում։ Բացի այդ, հարցում է ուղարկվել Ադրբեջանի իրավաբանների ասոցիացիային՝ փաստաբաններ նշանակելու մասին, ովքեր կպաշտպանեն ամբաստանյալների շահերը դատարանում։
Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն անցած տարեվերջին էր ուղարկվել Բաքվի զինվորական դատարան։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանում առաջադրվել են մի շարք ծանր մեղադրանքներ, որոնց համար նախատեսված է ցմահ ազատազրկում։ Այս քայլը Ադրբեջանի մարտավարությունն է Արցախի պաշտոնյաներին Ադրբեջանում ցմահ պահելու համար։
Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։ Անգամ փաստաբանների համար այդ ամենը գաղտնիք կամ նորություն չէ։
Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:
Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե՛ Ռուբեն Վարդանյանից, թե՛ հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ռեժիմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից:
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանին առաջադրվել են մի շարք շինծու մեղադրանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան