Դատավարությունը ընթանալու է հայերին ոչ հասկանալի լեզվով. Սիրանուշ Սահակյանը՝ հունվարի 17-ի դատավարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։

Նշենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է հիմա։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասվածի պես այդ դատավարությունները տեղի կունենան, դրանք եղել են քաղաքական պատվերի շրջանակում և մեղադրանքներն ավելի ծանրացվել են:

Նրա կարծիքով՝ այստեղ հատկանշականը այն է, որ մեղադրական եզրակացությունները կազմվել են դեկտեմբերի վերջին, դրանք մեծածավալ քրեական գործեր են և դատական նիստը տեղի է ունենալու հունվարի 17-ին, ինչը նշանակում է, որ այնտեղ պահվող ապօրինաբար հայ պատանդները զրկված են նաև գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատավարությունը ընթանալու է հայերին ոչ հասկանալի լեզվով:

Նրա խոսքով՝ դատարանից ակնկալիքներ չունեն, դատավարությունները բեմականացված են:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հենց այս երկու պաշտոնյաների դատավարությունը և ինչու՞ չի խոսվում մնացած պատանդների մասին, ասաց՝ բոլորի գործերով դատավարությունները մեկնարկվելու են:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս