ArmLur.am-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ տրանսպորտից օգտվելը դարձել է նոր փորձություն։
Ըստ ահազանգած քաղաքացիների՝ 39 համարի երթուղու վարորդը սպառնացել է, որ եթե QR կոդով վճարումը չի հաստատվում, ապա քաղաքացիներին տուգանք է հասնում 30․000 ՀՀ դրամի չափով։
Հետաքրքիրն այն է, որ տերմինալներից QR կոդ գնելն էլ է խնդիր դարձել, քանի որ տերմինալը կա՛մ չի՛ տրամադրում QR կոդով թերթիկը, կա՛մ էլ տրամադրում է այնպիսին, որը օգտագործման համար պիտանի չէ։
ArmLur.am-ը այս խնդրով կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք քաղաքացիներին տուգանելու են նրա համար, որ QR կոդով վճարումն իրականացնել չի հաջողվում։
Հայկ Կոստանյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ որպեսզի քաղաքացիներին կարողանան տուգանել, պետք է համապատասխան որոշում լինի և ներկայումս քաղաքացիներին տուգանելու հարցով որոշում չկա։ Տուգանքի նման մեխանիզմ այս պահին չի գործում։ Կոստանյանը նաև հավելեց, որ տնօրինությանը կփոխանցի, որ նման իրավիճակ է եղել։
Ինչ վերաբերում է տրանսպորտային համակարգում առաջացած խոտաններին, որոնք դժվար են դարձնում քաղաքացիների երթևեկությունը, Կոստանյանն ասաց, որ իրենք պարպերաբար ասում են՝ ցանկացած առաջացած տեխնիկական խնդրի մասով քաղաքացիներն իրենց իրազեկեն, որպեսզի բոլոր տեխնիկական խնդիրներին լուծում տրվի։ Կոստանյանը նաև հավելեց, որ անընդհատ տեխնիկական վերազինումներ են լինում, անընդհատ տարբեր փորձարկումներ են լինում, որպեսզի նման դեպքերը հասնեն կա՛մ նվազագույնին, կա՛մ առհասարակ չլինեն։
Հավելենք, որ խնդիրների մեծ մասն առաջանում է QR կոդերի հետ, որոնք կա՛մ ուղղակիորեն անվավեր են լինում, կա՛մ չեն աշխատում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան