Սկանդալի կենտրոնում հայտնված նախկին համայնքապետ, նախարարության աշխատակից․ ովքեր են մասնակցելու Փարաքարի փրայմերիզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն հունվարի 11-ին, 12-ին և 13-ին Փարաքար համայնքում Գյումրիի օրինակով նախնական ընտրություններ կանցկացնի։

Փարաքարի փրայմերիզին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում՝ քրեական սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո համայնքապետի պաշտոնից հրաժարված Լյուդվիգ Գյուլնազարյանը, համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը, Արփինե Առաքելյանը, որը նախկինում ևս աշխատել է Փարաքարի համայնքապետարանում,
Կարեն Երեմյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից է։

Փարաքարի նախնական ընտրությունների մասնակից թեկնածուներից են նաև Մհեր Հարությունյանը և Արման Մնացականյանը։

Ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել՝ առաջադրված թեկնածուն պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ կամ համախոհ կամ համակիր։
Նախնական ընտրություններում առավելագույն ձայները ստացած թեկնածուն արդեն մարտին կայանալիք արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող ուժի ցուցակը։

Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով։

Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ կեսգիշերին կրակոց է հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել է Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը, որը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան։

Սպանության վայրում ներկա էր եղել նաև ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս