Մուրացան հիվանդանոցում 16-ամյա աղջկա կյանքից զրկման գործով կա մեղադրյալ. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ:

Պարզվել է, որ անչափահասը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի թվթվ 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 187-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Մեղադրանք է ներկայացվել 1 անձի:

Միջնորդություն ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է:

Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Մուրացան հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է։

ArmLur.am-ը գրել էր, որ անչափահասների շրջանում մտահոգիչ իրավիճակ է: 2 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է գրանցվում, որ անչափահասները խմում են մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվում հիվանդանոց: Արդեն երկու անչափահաս է մահացել ազատ վաճառքում գտնվող այս դեղահաբը մեծ քանակությամբ օգտագործելու արդյունքում, ինչը խիստ մտահոգություների տեղիք է տալիս: Իսկ իրավապահները այս դեպքերով ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ են նախաձեռնել ու քննություն են իրականացնում:

Խոսենք փաստերով

Դեկտեմբերի 9-ին «Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա երեխա էր մահացել։

«Տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր էր ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,-նշված էր հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 19-ին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ երեխա է մահացել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական վարկածի՝ նա մեծ քանակի կոլխիցին տեսակի դեղահաբ էր ընդունել։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքով քննություն են սկսել:

Դեկտեմբերի 21-ին ArmLur.am-ի տեղեկություններով՝ 16-ամյա աղջկա ինքնազգացողությունը վատացել էր Կենտրոնի քննչական բաժնում, երբ քննիչները նրա նկատմամբ բռնություն կիրառած կասկածյալի հետ առերեսում են իրականացրել։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ աղջիկը, ըստ նախնական տեղեկությունների, մոտ 60 հատ դեղահաբ է խմել։

Ավելի վաղ գրել էինք՝ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց էր տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ: Տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, ինչից հետո նա դիմել է այդ ծայրահեղ քայլին:

Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք-Մարաշ բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:




Լրահոս