Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»․ «Ազատություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։

«Ազատությունը» անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող պաշտոնական փաստաղթղթերը, որպեսզի հանրությունը առանց քաղաքական շահարկումների, կոնկրետ փաստերի հետ ծանոթանալով ինքը հետևություններ անի։

Այդպիսի կոչով հանդես էին եկել հանրային տարբեր գործիչներ։ Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին նման կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բանավիճելու փոխարեն նրան առաջարկելով հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

«Եթե, Նիկո՛լ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», – մասնավորապես նշել էր առաջին նախագահը։

«Ազատության» հարցման պատասխանում վարչապետ Փաշինյանը միաժամանակ հորդորում է հենց նախկին նախագահներին հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Վարչապետ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներոմ բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»։




Լրահոս