Հայաստանը կկործանվի կամ Հայաստանի ղեկավարության, կամ՝ մեր ձեռքով։ Ահա այսպիսի սպառնալիքներով է Ադրբեջանի բռնապետ նախագահն արձագանքում հայկական կողմի խաղաղության կոչերին։
Ալիևը հերթական անգամ Հայաստանին նոր պատերազմով է վախեցնում և մեղադրում է «տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» մեջ՝ հայտարարելով, որ մոտ 30 տարի Հայաստանը ղեկավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» ենթադրյալ կրողներ, որոնք երկիրը ձևավորել են «իրենց կերպարով»։
Ադրբեջանի բռնապեռը սպառնացել է՝ «եթե Հայաստանն «ինքնուրույն չազատվի «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»»։
Փաստացի, Ալիևն այլևս առանց տողատակերի պահանջում է Հայաստանի իշխանություններից պատժել Արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին։
Մյուս կողմից էլ Բաքվում է փուլ առ փուլ ապօրինի շինծու դատավարություն ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ, իսկ թիրախում հատկապես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն են, որոնց մինչև ցմահ ազատազրկում է սպասվում։
Բռնապետ Ալիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». « Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»։
Փաստացի հայկական կողմերի խաղաղության կոչերին զուգահեռ Ադրբեջանը պատասխանում է տարածքային նոր նկրտումներով, արդեն՝ Սյունիքի նկատմամբ։
Իսկ վերջում միայն արձանագրենք, որ հայկական կողմից պաշտոնապես որևէ կերպ չեն արձագանքել Ալիևի այս սպառնալից հայտարարություններին։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան