Սպորտն ու կյանքը՝ կին գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի աչքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ազգը միշտ հպարտացել է իր հզոր ու հաջողակ մարզիկներով, նրանց հաջողություններուվ ու վերելքներով: Վերջին տարիներին մեծ էին հաջողությունները հատկապես շախմատում` թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Եվ թեև կանանց այս սպորտաձևն ավելի դժվար է տրվում, նրանց արձանագրած հաջողություններն ակներև են:

Ապրիլյոթյան տոնի առթիվ Armlur.am-ը զրուցեց հաջողակ կին գրոմայստեր Լիլիթ Գալոյանի հետ:

-Սկսենք հենց շախմատից, Լիլիթ: Քանի որ շախմատը մեր երկրում այն եզակի սպորտաձևերից է, որն արդեն մեծ հաջողություններ և նվաճումներ է գրանցել, կուզենայի հարցնել, ըստ Ձեզ` ինչո՞ւմ է հաջողության գաղտնիքը:

-Հաջողության գրավականը, կարծում եմ, նախ սերունդն է: Շախմատում մենք արդեն ունենք աշխարհի չեմպիոն` Տիգրան Պետրոսյան, որից հետո արդեն Հայաստանում շախմատն արագ զարգացավ: Երբ ունենում ես բարձրակարգ սպորտսմեն, որը հասնում է մեծագույն նվաճումների, դա արդեն հետագա սերունդների համար դառնում է օրինակ: Նրանք տեսնում են ժողովրդի սերը նման մարզիկի նկատմամբ, ոգևորությունը, և փորձում նրանց նման հաջողությունների հասնել:

Տիգրան Պետրոսյանից հետո ևս հաջողակ մարզիկներ ենք ունեցել` Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան և այլն: Եվ այդպես սերունդը շարունակեց կատարելագործվել. տղաները դարձան եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, և այդպես շարունակ:

– Իսկ ի՞նչ կասեք կանանց շախմատի մասին:

– Կանանց շախմատում ևս կան ձեռքբերումներ: Իհարկե, կանանց շախմատը չունի երկարատև պատմություն, որովհետև չունենք կին աշխարհի չեմպիոն, որին կկրկնօրինակեինք: Բայց այժմ Հայաստանում կա 6-7 կին գրոսմայստեր, ինչը մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար, որտեղ կանայք այնքան էլ հետաքրքրված չեն շախմատով:

Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի հաջողություններից հետո արդեն հետաքրքրությունը գնալով աճում է, և այսօր մրցաշարերին մասնակցող աղջիկների թիվն ավելին է, քան նախորդ տարիներին: Կանայք ունեն նաև թիմային հաջողություններ` 2003 Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն, 2007-ին` բրոնզե մեդալակիր: Օլիմպիադաներում 5-6-րդ տեղեր ենք կիսում, ինչը ևս բավական բարձր ցուցանիշ է: Կանանց շախմատը մեր սպորտաձևերի շարքում 2-րդն է` տղամարդկանց շախմատից հետո: Ուղղակի տղամարդկանց ելույթներն այնքան բարձր են, որ մերը, կարծես, ստվերում է մնում:

Բացի այդ, մեր հաջողությունները նոր են սկսվում` 2000-ականներից, իսկ տղամարդիկ հաջողության էին հասել դեռևս 1992-ին: Հուսանք` մեր արդյունքներն էլ շուտով կբարելավվեն, և կհավասարվենք նրանց:

լիլիթ դ

-Իսկ ե՞րբ սկսեցիք շախմատով զբաղվել:

-Իմ մեկնարկը եղել է 8 տարեկանում: Հայրս եղբորս տանում էր շախմատի, քանի որ ինքն էլ շախմատասեր էր. և ինձ էլ տարավ եղբորս հետ, որ տանը մենակ չմնամ: Եվ ես սկսեցի զբաղվել շախմատով: Դա 90-ականների սկիզբն էր, շատ դժվար տարիներ էին: Խմբակը լուրջ չէր էլ գործում: Հետո 4 տարի ընդմիջում եղավ, որից հետո, երբ ուզում էի արդեն թողնել շախմատը, քանի որ դասերս չէի հասցնում, հայրս խնդրեց Հայաստանի աղջիկների առաջնությունում խաղալ, և դարձա չեմպիոնուհի:

Առաջին հաջողությունս արդեն սեր սերմանեց դեպի շախմատը…հաջողություններն էլ հաջորդեցին իրար, և նույնիսկ ժամանակ չմնաց մտածելու` մնալ շախմատում, թե` ոչ:

lili2

-Սերժ Սարգսյանի` շախմատի ֆեդերիացիայի նախագահ դառնալուց հետո շախմատում շոշափելի փոփոխություններ նկատեցի՞ք:

– Սերժ Սարգսյանը շատ բան է արել Հայաստանի շախմատի համար: Անձամբ ես ունեցել եմ դժվար տարիներ շախմատի մեջ, ցանկացել եմ լքել Հայաստանը, քանի որ այստեղ լավ մասնագետներ չէին մնացել, բոլորը հեռացել էին` գումար վաստակելու և արժանավայել կարիերա անելու: Եվ շախմատիստների այդ արտագաղթը դեպի արտերկիր կանգնեցրեց Սերժ Սարգսյանը. նա օգնեց շատ շախմատիստների, ովքեր մնացին և իրենց աշխատանքը շարունակեցին հայրենիքում` զարգացնելով շախմատը: Ցանկացած սպորտաձև ունի հովանավորության կարիք, և այստեղ նրա ներդրումները շատ են: Ուրիշ քաղաքական գործիչներ ևս օգնել են, բայց Սերժ Սարգսյանի ներդրումը հսկայական է:

– Իսկ կին գրոսմայստերն այսօր իր աշխատավարձով կարո՞ղ է անհոգ ապրել Հայաստանում, թե՞ այդ հարցում դեռ շատ անելիքներ ունենք:

– Իհարկե, եթե զբաղվեի այլ աշխատանքով, կարող էի ավելին վաստակել, և շախմատը դժվար սպորտաձև է: Բայց քանի որ արդեն փոքրուց զբաղվում ես այդ սպորտաձևով, արդեն հարմարվում ես, այդ ամենն արդեն դառնում է կենսակերպ:

Շախմատով զբաղվելն ունի նաև իր առավելությունը` ժամանակդ դու ես ծրագրում` ինչքան պարապել և այլն, իսկ մյուս աշխատանքներում դա միգուցե չլիներ, այլ արթնանայիր շուտ և ստիպված լինեիր գրաֆիկդ հարմարեցնել հանգամանքներին: Մեծ առավելություն է նաև այն, որ անընդհատ լինում ես արտերկրում, տեսնում ես նոր բաներ, շփվում նոր մարդկանց հետ:

– Գալիս է մի տարիք, երբ արդեն պետք է հրաժեշտ տալ սպորտային կարիերային, այլ կերպ ասած` անցնել «թոշակի»: Այդ ժամանակ արդեն ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր գործունեությունն ու կյանքը:

– Փորձել եմ միշտ պատրաստ լինել այդ հարցին, քանի որ միշտ հասկացել եմ, որ ցանկացած պահին ցանկացած սպորտսմենի մոտ կարող են փոփոխություններ լինել: Հաշվի եմ առել նաև իմ` փոփոխություններ սիրող բնավորությունը, լինելը, միշտ «փնտրտուքի» մեջ լինելը:

Պատկերացնում եմ ինձ որպես շախմատի մարզիչ, սպորտային լրագրող կամ մեկնաբան: Այս պահին ևս ունեմ աշխատանք. 7 տարի է ՀՊՃՀ-ում շախմատ եմ դասավանդում, աշխատում եմ նաև այլ բուհերի ուսանողների հետ:

– Մոտ ապագայում ի՞նչ մրցաշարի եք մասնակցելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Աս տարի կանանց հիմնական մրցաշարերն ամռանն են լինելու: Լինելու է կանանց Եվրոպայի առաջնությունը և կանանց օլինպիադան:

Հուսանք, որ կարող ենք 5-6-րդ տեղից էլ բարձր տեղ նվաճել և ցույց տալ, որ կանանց շախմատը զարգանում է:

լիլիթ ջ

– Շախմատից բացի` ի՞նչ սպորտաձևով եք հետաքրքրվում: Եվ ինչպե՞ս եք թոթափում շախմատի հետևանքով առաջացած հոգնածությունը:

– Սպորտ շատ եմ սիրում, և իմ ուսանողներին էլ խորհուրդ եմ տալիս զբաղվել ֆիզիկական սպորտաձևերով` նստակյաց վիճակից դուրս գալու համար:

Ձմեռային սպորտաձևերից սիրում եմ բիատլոնն ու գեղասահքը, իսկ ամառայիններից` լողը: Երբեմն ֆուտբոլ և շախմատ եմ դիտում` մեծ մասամբ հետևելով մարզիկների կամային պայքարին:

Իսկ հանգստանալ սիրում եմ ընտանիքում, ծնողներիս հետ զրուցելով, կամ եղբորս երեխաների հետ խաղալիս. փոքրիկները վարակում են դրական էներգիայով և վերադարձնում ինձ մանկություն: Հանգստանում եմ նաև բնության գրկում, հատկապես` անտառային այնպիսի գոտիներում, որտեղ առկա է անեղծ բնություն ու մաքուր օդ:

լիլիթթ

– Եվ վերջում, քանի որ այսօր ապրիլի 7-ն է` Մայրության և գեղեցկության տոնը, ի՞նչ կբարեմաղթեք հայ կանանց տոնի առթիվ:

– Կանանց, իհարկե, առաջնայինը կմաղթեմ կանացի երջանկություն ու ընտանեկան ջերմություն: Բոլոր կանանց կոչ կանեմ փորձել պահել-պահպանել այդ ամենը, տղամարդկանց էլ կոչ կանեմ սիրել, արժևորել իրենց կանանց միշտ, ոչ թե միայն այս մեկ ամսվա ընթացքում: Ինձ թվում է` սա բավական կլինի մեր կանանց լիարժեք երջանիկ զգալու համար:

Դե ինչ, մենք էլ մեր կողմից շնորհավորենք Լիլիթին այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով նրան գեղեցիկ ու հաղթական մրցաշարեր:

Զրուցեց Աննա Թումասյանը

Լուսանկարները` Լիլիթ Գալոյանի ֆեյսբուքյան էջից




Լրահոս