Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում համարժեք պատասխան տալ Ալիևի՝ Հայաստանը ոչնչացնելու հոխորտանքներին, նրանց համոզմամբ՝ Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները նպատակ ունեն նոր էսկալացիայի հիմք ստեղծել։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան Ալիևի սպառնալիքների ամուր նյարդեր է մաղթում հայ հանրությանը ու կոչ է անում չշեղվել խաղաղության օրակարգից։
«Ադրբեջանում խրախուսվում է ֆաշիստական վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Բայց ես ձեռնպահ կմնամ եւ կառաջարկեմ գնահատել, թե ինչու են նման հայտարարություններ արվում։ Կամ գուցե նրանք պարզապես ուզում են լսել պատասխան հայտարարություններ եւ այլն, ընդհուպ մինչեւ իրական կրակոցներ եւ էսկալացիա: Չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է: Մեզ ամուր նյարդեր են պետք եւ չշեղվել խաղաղ օրակարգից»,- այսօր իր ասուլիսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարին մտահոգում է նաև հարձակում գործելու Ադրբեջանի հնարավոր մտադրությունը։
Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դադարեցնի զինվելը եւ վերադարձնի ուղարկված զենքերը, Արարատ Միրզոյանը հակադարձում է՝ զենք գնելը բոլորի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանը չի պատրաստվում հետ ուղարկել գնված զենքերը։
«Եթե Ադրբեջանի մտադրություններն անկեղծ են, ապա մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ։ Սակայն, ինչպես մյուս կառուցողական առաջարկները, այս առաջարկը նույնպես դրական արձագանք չի գտել»,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։
Արարատ Միրզոյանն իր ասուլիսում անդրադարձել էր նաև Ալիեւի այն հայտարարությանը, թե Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ կրկին սպառնալով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
Միրզոյանի խոսքով՝ ինչպես մյուս երկրները ցանկանում են օգտագործել Հայաստանի տարածքը տարանցման համար, այնպես էլ Հայաստանը կօգտագործի հարեւան երկրների տարածքները տարանցման համար։
«Ես արդեն ասել եմ, որ Հայաստանն առաջադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, եւ մենք հետեւողական ենք հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն է պահանջում, այլ մենք, առաջին հերթին, որովհետեւ մենք շահագրգռված ենք դրանում»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան