Հունվար ամսվանից Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։
Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թվականի ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
«Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թվականի նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝ մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկաններ, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։