«Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն հանրաքվեով»․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարևոր է ճիշտ ըմբռնել այս հարցի էությունն ու համատեքստը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«2023 թվականի աշնանը ես Եվրոպական խորհրդարանում ելույթ եմ ունեցել, որի հիմնական ուղերձը եղել է հետևյալը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել, այնքան մոտ լինել, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այդ պահին դա ՀՀ-ում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ելույթն էր: ՀՀ քաղաքացիների շրջանում այդ ելույթի արձագանքը աննախադեպ էր։ Երկրորդը, ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո, 2024-ի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ կողմ հանդիպում, որը լայնորեն լուսաբանվել է: Դա աննախադեպ ձևաչափով տեղի ունեցած հանդիպում էր։

Դրանից հետո քաղաքական, քաղաքացիական նախաձեռնություն ձևավորվեց, որը ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով 50,000 ստորագրություն հավաքելով ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունը:

Դե յուրե կառավարության դիրքորոշումը հնչում է հետևյալ կերպ, որ կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը, բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե սա ինչ է նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սցենարներից որևէ պարագայում Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե ու ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակցիների սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։

«Բայց նաև պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝ մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք ճանապարհային այն քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում, մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- ընդգծեց նա։




Լրահոս