Իրավապահ մարմինները շարունակում են բացահայտումները բանակից ազատ արձակելու դեպքերով:
Մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Կանդևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մատնանշած անձի օգտին ապօրինի գործողության համար մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնատար անձին տվել է կաշառք: Մասնավորապես.
Արմեն Արշավիրի Կանդևոսյանի և Նունե Գենադիկի Զոհրաբյանի որդին՝ Արթուր Արմենի Կանդևոսյանը, ճանաչվելով սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, 2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 ստորաբաժանման կողմից զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության անցել ՀՀ ՊՆ թիվ N զորամասում:
Արմեն Կանդևոսյանը, իր կնոջ՝ Նունե Զոհրաբյանի հետ ունենալով իրենց որդուն՝ ժամկետային զինվորական ծառայող Արթուր Կանդևոսյանին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում մտացածին հիվանդության հիմքով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու մտադրություն, իրենց նշված հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով այդ մասին հայտնել են Արմեն Կանդևոսյանի մտերիմ Վարդան Աշոտի Պետրոսյանին, որպեսզի վերջինս, իրավասու պաշտոնատար անձի հետ բանակցությունների արդյունքում, կաշառքի դիմաց, իրագործի Արմեն Կանդևոսյանի և Նունե Զոհրաբյանի մտադրությունը, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով Արթուր Կանդևոսյանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելը:
Իր հերթին, Վարդան Պետրոսյանը Արմեն Կանդևոսյանի և Նունե Զոհրաբյանի կողմից կաշառք տալու խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելու դիտավորությամբ, դիմել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի կազմակերպչական բաժնի պետի տեղակալ Արտաշես Մինասյանին, որպեսզի վերջինս իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստի կաշառքի դիմաց Արմեն Կանդևոսյանի և Նունե Զոհրաբյանի որդու՝ Արթուր Կանդևոսյանի, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելուն:
Արդյունքում , Արտաշես Մինասյանը 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամսին, չպարզված օրը, նշված գործընթացը կազմակերպելու համար, Վարդան Պետրոսյանից պահանջել է 15.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն սակարկման արդյունքում, համաձայնել է կազմակերպել 13.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 5.013.580 ՀՀ դրամ գումարի դիմաց: Այնուհետև, նշվածի վերաբերյալ Վարդան Պետրոսյանը հայտնել է Արմեն Կանդևոսյանին և Նունե Զոհրաբյանին, ովքեր համաձայնվել են իրենց որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամկետ ազատելու ապօրինի գործողության համար պաշտոնատար անձին մաս-մաս տալ 13.000 ԱՄՆ դոլար կաշառք: 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, քննությամբ չպարզված օրը, Արմեն Կանդևոսյանը և Նունե Զոհրաբյանը կաշառքի առարկայի մի մասը՝ 7000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.766.540 ՀՀ դրամը տվել են Վարդան Պետրոսյանին, միաժամանակ վերջինիս հետ համաձայնություն են ձեռք բերել, որ մնացած 6000 ԱՄՆ դոլար գումարը պետք է տա Վարդան Պետրոսյանը, հետագայում վերջինիս վերադարձնելու պայմանով: Դրանից հետո, Վարդան Պետրոսյանը 7000 ԱՄՆ դոլար կաշառքի առարկան տվել է Արտաշես Մինասյանին, որից հետո Արթուր Կանդևոսյանը, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի՝ 2024 թվականի փետրվարի 15-ի եզրակացության հիման վրա ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
Այնուհետև, Վարդան Պետրոսյանը Արտաշես Մինասյանին սեփական միջոցներից փոխանցել է 6000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 2.359.680 ՀՀ դրամ գումարը և Արթուր Կանդևոսյանը 2024 թվականի ապրիլի 3-ին զորացրվել է։