ՖՈՏՈ․ Փարաջանովից մեր օրեր․ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմը միավորել էր արվեստի սիրահարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարաջանովից մինչև մեր օրեր․․․ Սերգեյ Փարաջանովի 101 ամյակին նվիրված «Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով» ֆիլմը երեկ մեկ տանիքի տակ էր հավաքել սիրված կինոռեժիսորի արվեստի սիրահարներին՝ դերասաններին, կինոգործիչներին, մշակութային տարբեր հայտնի դեմքերին։

Ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումից՝ լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել։ Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։ Հետաքրքիրն այն է, որ ֆիլմը հիմնված է իրական պատմությունների հիման վրա։

Վավերագրական ֆիլմի ռեժիսորն է հայազգի Զառա Ջյանը։

Ֆիլմում նկարահանվել են այնպիսի հայտնի, սիրված և ճանաչված դեմքեր, ինչպիսիք են՝ Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան, Լևոն Աբրահամյանը և այլք։

Ֆիլմում կան պատառիկներ, որտեղ հենց ինքը՝ Սերգեյ Փարաջանովը պատմում է իր կյանքից հետաքրքիր դրվագներ։

Ֆիլմի պրեմիերայի հյուրերը ևս կրում էին թեմատիկ հագուստ։ Փարաջանովի ֆիլմերից ոգեշնչված կային նաև կերպարներ, որոնք հենց կինոռեժիսորի ստեղծած կերպարներին էին մարմնավորում։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Զառա Ջյանը պատմել է, որ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո է վերադարձել Հայաստան և օթևան գտել Սերգեյ Փարաջանովի թանգարանում։

«Ես գտա օթևան Փարաջանովի թանգարանում, և ամեն բան շատ հանկարծակի եղավ, չնայած նրան, որ շատ եմ եղել թանգարանում։ Այդ օրն ինչ-որ բան տեղի ունեցավ և ես հասկացա, որ այդ մարդը նույնիսկ սովետի տարիներին, երբ եղել է բանտում, նա ստեղծագործել է։ Այսինքն իր ընտրությունը չի եղել  կործանումը։ Իր ընտրությունը եղել է արարելը։ Իր արարչական այդ աշխատանքով նա կարծես հաղթեց բոլոր ռեժիմները, հաղթեց ինքն իրեն, իր մեջի ագրեսիան, որը կարող էր ձևավորվել, բայց նա դա չարեց, այդ ճանապարհով չգնաց։ Դա ինձ ոգևորեց, և ես ցանկացա կիսել նրա այդ օրինակն իմ ընկերների հետ, որոնք տեսա, որ դառնում են քաղաքական բլոգերներ և քայքայում իրենք իրենց։ Ինչ վերաբերում է Փարաջանովի իր արվեստով ոգևորելուն, դա արվեստ է, այստեղ քննարկել իր արվեստն ինձ թվում է՝ անիմաստ է»,- ասել է Զառա Ջյանը։

Զառա Ջյանը հավելել է, որ այս ֆիլմը Փարաջանովի կյանքի մասին պատմող ֆիլմ չէ, այլ իր՝ Ջյանի տեսակետն է, իր ճանապարհն է, որտեղ հանդիպել է Փարաջանովին և հանդիսացել որպես գիդ։

Աննա Սրապիոնյան, Քրիստինա Մուշեղյան, Էմմա Մարտիրոսյան




Լրահոս