Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ու խաղերի համաշխարհային կոմտեի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված զանգվածային հրդեհի հետևանքով տուժած ամերիկահայ համայնքի անդամներին:
ՀԽՀԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այս օրերին բոլորս մեծ սարսափով ենք հետևում Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհին ու դրա պատճառած մեծամասշտաբ ավերածություններին: Ցավալի է տեսնել, որ բնական աղետի հետևանքով տուժել են նաև ամերիկահայ համայնքի մեր հարյուրավոր հայրենակիցներ:
Մեծ գոհունակությամբ ենք հիշում, թե ինչպես Լոս Անջելեսի տարբեր քաղաքներից, այդ թվում Գլենդելից, Բըրբանքից, Հոլիվուդից, Փասադենայից շուրջ 300 հայեր մասնակիցը դարձան Համահայկական ամառային վերջին խաղերին: Այսօր արդեն ցավով ենք տեղեկանում, որ մեր շատ հայրենակիցների տները հրո ճարակ են դարձել բնական այդ սարսափելի աղետի հետևանքով:
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում աղետից տուժած բոլոր հայ ընտանիքներին: Ցանկանում ենք նշել, որ մշտական կապի մեջ ենք քաղաքային կոմիտեների ներկայացուցիչների, մասնավորապես գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանին և անդամ Արմիկ Եբրահիմյանի հետ:
Անհրաժեշտության դեպքում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և գործկոմի անդամները, հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում քաղաքային կոմիտների անդամները պատրաստ են իրենց գործնական զորակցությունը ցուցաբերել ձեզ:
Մաղթում ենք տոկունություն և ոգու ամրություն: Վստահ ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանաք հաղթահարել դժվարություններն ու վերադառնալ բնականոն կյանքի ռիթմին»: