Կառավարության դիմաց առավոտը կրկին բարի չէր։ Այս անգամ ցուցարարները ոսկերիչներն էին, որոնց առաջ դրվել են բարձր հարկային պարտավորվածություններ, իսկ իրազեկման թերթիկը քչերն են ստացել։
Իրազեկման թերթիկում ասվում է․
«Իրազեկում 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխությունների մասին․
Առևտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%։
Այսպիսով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը նվազեցվում են միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնված ծախսերի 4%-ը, իսկ 2025թ․ հունվարի 1-ից փաստաթղթերով հիմնված բոլոր ծախսերի 9․5%-ը, իսկ շրջանառության 1․5%-ի փոխարեն՝ 1%-ը»։
Այս օրենքի փոփոխությամբ՝ այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024թ-ի ընթացքում կազմել են մինչև 24 միլիոն դրամի գումար, նրանք պետք է 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարեն գույքագրում ապրանքների փաստացի առկայության մասին։
Հաջորդիվ հարկային տեսչական մարմինն իրավունք է ունենալու այցելելու և ստուգելու ապրանքային շարժը, որը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։
Փաստացի ապրանքային մնացորդները ստուգման պահին տարբերություններ լինելու դեպքում հարկային ավել ապրանք գրանցելիս պետք է պահանջել ձեռքբերման փաստաթուղթ, այն չներկայացնելու դեպքում հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 50%-ի չափով։
Փաստացի ապրանքային մնացորդները ստուգման պահին պակաս լինելու դեպքում դիտվելու է թաքցված վաճառք և հաշվարկվելու է շրջանառության հարկ կամ տույժ։
Նման կերպ Կառավարությունը փորձում է, ինչպես տնտեսվարողներն են ասում, մանր և միջին բիզնեսի վերջը տալ, ասել է թե, ոլորտը դարձնել մոնոպոլիաներով լի։
Կառավարությունից ցուցարարներն այդպես էլ արձագանք չստացան, սակայն հույսը չեն կորցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան