Թեհրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը․ Իրանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողությունները Հարավային Կովկասում անվտանգությունը պահպանելու և խթանելու համար։

Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի՝ օրեր առաջ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերին։

Խոսնակը նշել է, որ Իրանի համար կարևոր է Հարավային Կովկասի անվտանգությունը։

«Այդ իսկ պատճառով Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավոր կարողություններն՝ ապահովելու համար, որպեսզի անվտանգությունն այդ տարածաշրջանում պահպանվի և խթանվի»,-նշել է Բաղային։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Իրանի համար։

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին այցելել է Բաքու, իսկ հունվարի 9-ին՝ Երևան։ Իրանցի պաշտոնյան մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների, այդ թվում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։




Լրահոս