Երեկ՝ հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած: Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը՝ խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանին, ում նախորդ օրվանից որոնում էին:
Պատգամավորի գործընկերները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել են՝ Սահակյանը օդանավակայան է գնացել, դիմավորել է արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի: Դեպքից հետո ArmLur.am-ը փորձում է պարզել առեղծվածային մահվան հանգամանքները՝ հարցուփորձ անելով Մհեր Սահակյանին ճանաչողներին:
Հանրագումարի բերելով բոլոր կասկածելի հարցերը, առանձնացնում ենք դրանից կարևորները:
- Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը:
- Ո՞ւմ հետ է եղել:
- Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։
- Ո՞ւմ հետ է խոսել վերջին անգամ, ի՞նչ է ասել։
- Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով:
- Հնարավո՞ր է որևէ ՔՊ-ական կամ քպամերձ քինախնդրություն դրսևորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 2023 թվականի մարտի 31-ին հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետև ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանի հետ: 2024 թվականի ապրիլի 16-ին նրան մահակներով զինված դիմակավորված անձիք դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին: Միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին:
- Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը:
- Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:
- Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը և մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ:
Ամեն դեպքում այժմ պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքը, ընկերները, գործընկերները շոկի մեջ են։ Մի ողջ օր փնտրելուց և ողբերգական լուրը լսելուց հետո բոլորը ունեն այս հարցերը, իսկ դրանց պատասխանը պետք է տա Քննչական կոմիտեն: Ընդ որում՝ շուտափույթ: