ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման
վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/
պաշտոնատար անձինք խմբով կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց կաշառք են ստացել և կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաև
կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:
Մասնավորպես՝ պարզվել է, որ Ու. Ջ.-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր
կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես՝ նախքան
արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու և դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար
իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն
փաստացի կարանտինացվել է 345 գլուխ: Ընդ որում՝ կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների
տեղափոխման անասնաբուժական Ձև 1 վկայականն առկա չի եղել։
ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս.-ն և Վ. Գ.-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ
կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ.-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ.-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ
կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի և առկա է Ձև 1 վկայականը: Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետև
դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, և դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։
Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք և անասնաբուժական
Ձև 1 վկայական ստանալու համար Ու. Ջ.-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ.-ին, ով կաշառքի
միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ.-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական
ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը: Ու. Ջ.-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ.-ն դիմել է իր որդուն՝
անասնաբույժ Գ. Դ.-ին, Ձև 1 վկայական տրամադրելու համար: Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ.-ն փոխանցել է Ու. Ջ.-
ին և նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու
համար Ու. Ջ.-ն դիմել է իր ծանոթ Լ. Ս.-ին, ով պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության
դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ Լ Ս.-ի ակտիվ միջամտությամբ,
Ու. Ջ-ն կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը և նույն օրը պահանջված
ապօրինի վարձատրության գումարը տվել է Լ. Ս.-ին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով
մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի՝ ՍԱՏՄ տեսուչներ Վ. Գ.-ին, Շ. Ս.-ին, անասնաբույժներ Ա. Դ.-ին, Գ. Դ.-ին, ինչպես
նաև Ու. Ջ.-ին և Լ. Ս.-ին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական
եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: