Հեղուկ գազի շուկան մշտապես անակնկալներ է մատուցում այն վարորդներին, ովքեր սեղմված գազի փոխարեն նախընտում և օգտագործում են հեղուկ գազը։
ArmLur.am-ին անդադար ահազանգում են այն մասին, որ հեղուկ գազի գինը մեկ բարձրանում, մեկ իջնում է, սակայն վերջերս էլ տատանվում է 220-ից 230 դրամի միջև։
Հականալու համար, թե ո՞րն է անդադար գնի բարձրացման և իջեցման խնդիրը, վերահսկվո՞ւմ է արդյոք հեղուկ գազի շուկան, թե ոչ, ArmLur.am-ը կապ է հաստատել մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ։
Անի Սմբատյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է և հեղուկ գազի շուկա ներմուծումներ իրականացնում են 98 տնտեսավարող սուբյեկտ։
ArmLur.am-ը նաև պարզեց, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ով ArmLur.am-ին փոխանցեց, որ հեղուկ գազի գնի վրա Հայաստանում ազդում են ներքին և արտաքին գործոնները։
«Արտաքին գործոններից է հանդիսանում այն, որ ներկայում համաշխարհային շուկայում գազի գինը բարձրացել է։ Ուկրաինան դադարեցրեց իր տարածքով գազի մատակարարումը դեպի Եվրոպա և դա հանգեցրեց բորսայում որոշակի գների աճի, սա մեկ խնդիր է։ Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ ձմռան ամիսների վերին Լարսի անցակետում ունենում ենք եղանակային պայմաններով պայմանավորված որոշակի սահմանափակումներ, մատակարարումները լինում են, որ մի քանի շաբաթով դադարեցվում են և դա ևս ազդում է դեպի Հայաստան հեղուկ գազի մատակարարումներին։ Երրորդ գործոնն այն է, որ շուկայում որոշակի պայմանավորվածություններ են լինում․ վաճառողներն օգտվելով խուճապից, գազամատակարարման ուշացումներից, իրենք արհեստականորեն խուճապ են ստեղծում, գները բարձրացնում են և այդ ամենն արդարացվում է այն տրամաբանությամբ, որ գիտեք, գերիշխող չկա շուկայում։ Գերիշխողի դիրք ունենում է այն կազմակերպությունը, որին պատկանում է շուկայի մեկ երրորդից ավելին», – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Տնտեսագետի խոսքով՝ այդպիսի կազմակերպություն չունենք, սակայն կան մի քանի կազմակերպություններ, որոնք կարող են հանգիստ հակամրցակցային համաձայնության գալ և գները բարձրացնել ու իջեցնել։
«Մայիս ամսին հեղուկ գազի նրանք գները կտրուկ իջեցրեցին և դրանով իրենք ստեղծեցին հեղուկ գազի շուկան։ Օրինակ՝ սեղմված գազով աշխատող մեքենաների վարորդներն իրենց գազաբալոնները փոխարինեցին հեղուկով, քանի որ հեղուկ գազն ավելի էժան էր և շուկան առաջացավ։ Դրան զուգահեռ փոքր ու միջին հեղուկ գազ ներկրողները սնանկացան, շուկայից դուրս եկան և շուկայում մնացին մի քանի խոշոր կազմակերպություններ, որոնք կարող են հանգիստ պայմանավորվել ու վերահսկել շուկան», – հավելեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան