Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանին քննադատության ենթարկած անձը նշանակվել Արդարադատության նախարարի խորհրդական:
Հունվարի 13-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Նկատենք, որ Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, 44-օրյա պատերազմի հերոս է: Արդյունքում, Գյումրու Անի թաղամասում Լյովա Սարգսյանի նշանակումը նախարարի խորհրդականի պաշտոնում զարմացրել է բոլորին: Բանն այն է, որ Լյովա Սարգսյանը եղբոր հերոսաբար զոհվելուց հետո մշտապես քննադատել է Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես նա պատճառ դարձավ բազմաթիվ զոհերի ու իր եղբոր մահվան համար։ Արդյունքում իշխանություններին քննադատող Լյովա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից պաշտոն է ստանում:
Այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ստանալ Լյովա Սարգսյանից եւ դիմեց Արդարադատության նախարարություն, որտեղից ի պատասխան Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պատասխանեց․
«Այս բնույթի շահարկումները բարոյական դաշտից դուրս են, խնդրում ենք հարգել հարազատ կորցրած մարդկանց վիշտը, հեռու պահել նրանց անձնական ողբերգությունը հանրային բանսարկության մամլիչից»:
Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությանը քննադատելու համար պաշտոն են տալիս՝ միգուցե՞ լռեցնելու համար, իսկ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարը ձեռքում նկարվելու համար պաշտոնից ազատում են Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան