Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը նպաստում է Հարավային Կովկասի կայունությանն ու խաղաղությանը․ Սալոմե Զուրաբիշվիլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին նշված է Զուրաբիշվիլիի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Վրաստանի նախկին նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է։

«ԱՄՆ-ի և Հայաստանի միջև այս ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ՝ օգուտ տալով ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանն ու խաղաղությանը։ Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, երբ նոր ընտրություններն ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,-նշված է Զուրաբիշվիլիի գրառման մեջ։

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:




Լրահոս