59 հազար քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել․ ինչպես պետք է այն լրացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիզիկական անձինք 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․

  • 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  • 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

Հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել ID նույնականացման քարտ։ Ստանալուց հետո մոտենում եք ձեր հեռախոսահամարի օպերատորի գրասենյակ՝ Viva, Ucom, Team և այլն։ Իրենց օգնությամբ ստանում եք էլեկտրոնային ստորագրություն՝ mID։

Այնուհետև, անհրաժեշտ է մոտենալ այն բանկեր, որոնց միջոցով անհրաժեշտ է ստանալ ձեր աշխատանքի վարձատրության կամ փոխանցումների քաղվածքները, որտեղ կերևա 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ի ֆինանսական շարժը:

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուց հետո, Պետական եկամուտների կոմիտեի կայքի միջոցով կամ հեռախոսային ծրագիրը ներբեռնելու միջոցով սկսում եք լրացնել անհրաժեշտ տվյալները:

Լրացնելիս կհանդիպեք 2 դաշտերի՝ հարկվող եկամուտներ և չհարկվող եկամուտներ:

  • Հարկվող եկամուտներ պատուհաններում ավտոմատ կերպով լրացվում է  տվյալներ, եթե նախորդ տարի  2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը եղել եք գրանցված աշխատող և այդ հաստատության հաշվապահը ձեր հարկերը վճարել է։ Նույն ընթացակարգը գործում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում։
  •  Չհարկվող եկամուտներ դաշտը անհրաժեշտ է լրացնել ինքնուրույն: Այստեղ անհրաժեշտ է լրացնել բանկի քաղվածքով երևացող բոլոր եկամուտները, որքան փոխանցումներ են եղել ձեր քարտին կամ հաշվեհամարին։ Այս դաշտում լրացված տեղեկությունների համար ՊԵԿ-ը հարկ չի պահանջում։

Հարկ է նշել, որ հաջորդ տարվանից, երբ 2026 թվականին ներկայացնենք 2025 թվականի հայտարարագիր անգամ նվիրատվությունը և անգամ փոքրիկ գումար հայտարարագրելու դեպքում այն կհարկվի։

Պետական եկամուտների կոմիտեում սրա վերաբերյալ ռիսկեր չեն տեսնում, որ կնվազի անկանխիկ շրջանառությունը և շատերը չհարկվելու համար կնախընտրեն կանխիկ դրամի շրջանառությունը։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ, երեկ ամփոփելով 2024 թվականի աշխատանքները, խոսելով հայտարարագրման ներդրման համակարգից, նշել է, որ մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագիր է ներկայացրել։

Էդուարդ Հակոբյանն ընդգծեց, որ ՊԵԿ–ն առաջիկայում կառաջարկի նվազագույն գումարի շեմ, որից ցածր քաղաքացիները չպետք է հարկ վճարեն անհատույց ստացված գումարների համար (այդ թվում՝ արտասահմանից փոխանցումների), թեև դրանք պետք է նշեն հայտարարագրում։

Էմմա Միքայելյան




Լրահոս