2026 թվականից ուժի մեջ կմտնի Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն տվեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականից և ուղղված է Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական, սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատմանը։ Նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։

Նախագծի զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հիշեցման կարգով նշեց, որ «Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2017 թվականին և ուժի մեջ է մտել հաջորդ տարվանից, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել օրենքում կատարված լրամշակումները։

«Գործող 23 հոդվածներից 13-ը ենթարկվեցին փոփոխության՝ հաշվի առնելով պրակտիկայից դուրս բերված բոլոր խնդիրները։ Ներկայում օրենքը կոչվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք»,-նշեց զեկուցողը։

Լրամշակած օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է հաստատի Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը։

«Քննարկվող նախագծով առաջարկվում է, որ ծրագիրն ուժի մեջ մտնի և գործի 2026 թվականից։ Այն ուղղված է լինելու Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական, սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը»,-նշեց Տաթևիկ Ստեփանյանը։

Փոխնախարարի դիտարկմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի ընտանեկան բռնության զոհերի ապահովությանն  ու անվտանգությանը, բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնության ռիսկը։

«Նշված ծրագիրը ՀՀ-ում իրականացվելու է առաջին անգամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, ծրագիրը կիրականացնի օրենսդրությամբ սահմանված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության միջոցով, որի համար նախագծով սահմանվել են հստակ պահանջներ։ Օրինակ՝ տվյալ կազմակերպությունը առնվազն պետք է ունենա լիազոր մարմնի կողմից հատուկ վերապատրաստում անցած մեկական սոցիալական աշխատող-հոգեբան և իրավաբան։ Կազմակերպությունը ծրագիրը պետք է իրականացնի մոդուլների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ մի քանի մոդուլի համադրմամբ, և յուրաքանչյուր դեպքում մոդուլները բռնարարք գործած անձի համար կիրառվելու են՝ հաշվի առնելով գնահատված կարիքը, տարիքը, սեռը, առողջական վիճակը»,-նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ծրագրի թիրախային շահառուներն են համարվելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում և որոնց նկատմամբ դատարանի կողմից կայացվել է պաշտպանական որոշում։

«Ըստ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ 2023 թվականին ոստիկանության կողմից տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024 թվականին՝ 574»,-նշեց Տաթևիկ Ստեփանյանը։

Նա հավելեց, որ ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել է տարբեր երկրներում կիրառվող փորձը։

Ծրագրի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի համար գոյություն ունեցող ինստիտուտները տեղում են։

«Եթե նախկինում խոսում էին ընդամենը ընտանեկան բռնության զոհին պաշտպանելու կամ հետագայում գործիքակազմի ուժեղացման մասին, հիմա արդեն խոսում ենք բռնարարի վերասոցիալականացման մասին, նրա հոգեբանական փոփոխության կազմակերպման մասին»,- նշեց Սարգսյանը՝ նկատելով, որ նախկինում նման խոսույթ գոյություն չի ունեցել։




Լրահոս