«Կավե մարդը» ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների միջազգային տարբեր փառատոներում: Ռեժիսորը Արեն Վաթյանն է, ով Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է:
Ֆիլմը ցուցադրվել է Լոս-Անջելեսում և Ավստրիայում, որտեղ այն ներկայացրել է Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը:
«Ֆիլմն ունեցավ շռնդալից հաջողություն առաջին հերթին «NOFI» փառատոնում` երրորդ տեղը զբաղեցնելով»,- մանրամասնեց պրն Հովհաննիսյանը:
Էստոնիայում անցկացվող կինոփառատոնում «Կավե մարդը» զբաղեցրեց առաջին տեղը, իսկ ահա Ավստրիայում հանդիսատեսին հուզել էր ֆիլմի գաղափարը:
«Բեռլինի փառատոնում մեզ շնորհավորում էին նման ֆիլմ ստեղծելու համար»,- ասաց փառատոնի ղեկավարը:
Արտաշես Հովհաննիսյանի տեղեկացմամբ այս տարվանից սկսած` Հայաստանը ցավոք չի մասնակցելու ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին ՀՀ մշակույթի նախարարության պատճառով:
«Մշակույթի նախարարությունը չի աջակցում մեզ, իսկ մենք չենք կարող ամեն տարի մեր ֆինանսներով մասնակցել այդ փառատոնին: Ցավալի է, բայց մենք մեր տեղը զիջելու ենք Թուրքիայում և Ադրբեջանին: Ու այս ամենը Հասմիկ Պողոսյանի պատճառով»,- եզրափակեց Արտաշես Հովհաննիսյանը: