Այսօր՝ հունվարի 16-ին աշխարհում նշվում է բրիտանական Բիթլզ (The Beatles) ռոք խմբի օրը։
Իսկ ինչո՞ւ է օրը նշվում որպես Բիթլզի օր։
2001 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, հունվարի 16-ը նշվում է որպես «Բիթլզի»-ի համաշխարհային օր: Բնականաբար ամսաթիվը պատահական չի ընտրվել: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ այն ժամանակ անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին և Ջորջ Հարիսոնը սկսեցին իրենց ճանապարհը դեպի մեծ համբավ: Մի քանի տարի անց նրանց միացավ մեկ այլ ապագա «Բիթլ»-ը՝ Ռինգո Սթարը: Այսպիսով էլ այս օրը համարվում է լեգենդար Բիթլզ խմբի օրը։
ArmLur.am-ը ներկայացնում է Բիթլզ խմբի հետ կապված հետաքրքիր փաստեր։
1․ Հանրահայտ BBC լրատվականն արգելել է «The Beatles»-ի երգերից մի քանիսը: Օրինակ՝ «I Am the Walrus» երգն արգելված էր «վարտիք» բառի օգտագործման համար, իսկ ահա «Fixing a Hole» երգն արգելված էր, քանի որ երգի խոսքերում հիշատակվում էր թմրադեղերի մասին:
2․ Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին երգեր էին գրում ոչ միայն «The Beatles» խմբի, այլև այլ երգիչների համար: Նրանք գրել են «From A Window» երգը՝ Բիլի Կրամերի և Դակոտաս խմբի համար, «Come and Get It» երգը՝ Բեդֆինգեր խմբի համար, և «Woman» երգը՝ Փիթեր և Գորդոն դուետի համար:
3․ «The Beatles» խմբի երեք անդամները՝ Մաքքարթնին, Հարիսոնը և Սթարը, երաժշտական համատեղ կատարմամբ հանդես են եկել Էրիկ Կլեպտոնի և Փեթի Բոյդի հարսանիքի ժամանակ, որը տեղի է ունեցել 1979 թ.-ին: Ջոն Լենոնը չէր գնացել հարսանիքին։
4․ Ջորջ Հարրիսոնն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ շատ է սիրում կոնֆետներ: Այդ հարցազրույցից հետո երկրպագուները բեմը պատել էին կոնֆետներով: Համերգներից մեկի ժամանակ երկրպագուհիներից մեկն այնպես է բեմ նետել կոնֆետը, որ այն կպել է Հարրիսոնի աչքին: Հարրիսոնը իր մոլի երկրպագուներից մեկին նամակ գրեց, որում ասում էր, որ «The Beatles»-ի տղաներն իրականում կոնֆետ չեն սիրում, և խնդրում էր կոնֆետներ այլևս չնետել բեմ:
5․ Լենոնի կյանքում 9 թիվը խորհրդանշական է: Լենոնը ծնվել է 1940 թ.-ի հոկտեմբերի 9-ին, իսկ նրա որդին՝ 1975 թ.-ի հոկտեմբերի 9-ին: Լենոնի գրած «#9 Dream» երգը ներառվել է նրա իններորդ սոլո ալբոմի մեջ, որը թողարկվել է 1974 թ.-ի իններորդ ամսին՝ սեպտեմբերին, և զբաղեցրել ամերիկյան երաժշտական հաղորդումների իններորդ հորիզոնականը։
Այսպիսով, Բիթլզ խումբը, որին Rolling Stone ամսագիրը բոլոր ժամանակների մեծագույն արվեստի գործիչների ցուցակի 1-ին հորիզոնականում է ներառել, մինչ օրս պահպանում է առաջատարի իր դիրքը։
Աննա Սրապիոնյան