ՉԿԻՍՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի ջրերը շարունակում են «նույն առվով չհոսել»: Իհարկե, հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի Տամոժնի Գագոյին ոչնչացնի, իսկ վերջինս էլ վարչապետի վրա է բարդում իր ոլորտի ձախողումների ողջ մեղքը` մշտապես ջրից չոր դուրս գալով: Եւ լինելով Հայաստանի թիվ մեկ օլիգարխ պաշտոնյան` Գագիկ Խաչատրյանը կարծես չի ցանկանում աշխատել Տիգրան Սարգսյանի «ձեռքի տակ»` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց հետաքրքիր է նաեւ երեկ կառավարության նիստում արձանագրված միջգերատեսչական բախումը, որից միայն մեկ հետեւություն կարելի է անել` երկրի գործադիր մարմնում «ձախ գումարները» դժվարանում են կիսել:
Իսկ ո՞րն էր երեկ երկու գերատեսչությունների կռվի թեման: ՀՀ ՊԵԿ ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը հարց էր ներկայացրել բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպություններից մեկի համար Հայաստան ներմուծված մեքենասարքավորումների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգելու մասին: Այս երկարաձգումը բացատրվում էր Սեւանա լիճը մաքրող ֆիննական «Վոթերմաստեր կլասիկ 3» մեքենայի գործոնով: Այսինքն` մեկ տարի առաջ Հայաստան բերված 600 եվրո արժողությամբ այդ տեխնիկայի անվան տակ ՊԵԿ-ը դեռ փորձում է «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմը երկարաձգել` բնապահպանության նախարարության հետ ինչ-որ «մութ գործարքներ» անելու համար: Իսկ թե ինչեր կարող են Հայաստան մտնել Սեւանա լիճը մաքրող տեխնիկայի կամ դրա սարքավորումների անվան տակ, արդեն կարելի է եզրակացնել: Հայտնի է, որ տարբեր պետական գերատեսչությունների անվան տակ մի շարք պաշտոնյաներ իրենց անձնական բիզնեսն են զարգացնում: Օրինակ` գրում են, որ X նախարարությանն անհրաժեշտ է այս սարքավորումը, սակայն «կողքից» բերում են իրենց բիզնեսի համար անհրաժեշտ պարագաներ: Կամ գրում են, որ գումար է անհրաժեշտ, եւ այն գտնելու եղանակը դրսից ինչ-որ ապրանքատեսակի ներկրումն է, սակայն շատ ներկրում են, քիչ «ցույց տալիս»` բնականաբար, չմաքսազերծելով այդ ապրանքները: Նույնիսկ ոչ վաղ անցյալում ՊԵԿ-ն ուժային կառույցներից մեկի կողմից ներկրված շոկոլադներն այնքան պահեց պահեստներում, մինչեւ ժամկետն անցավ:
Երեկ մոտավորապես այս իրավիճակի պաշտոնական բախումը արձանագրվեց կառավարության նիստի ժամանակ: Եւ մեր հեռուն գնացող եզրակացություններն ամրագրվեցին այն իրողությամբ, որ մաքսային ռեժիմի երկարացման մասին որոշումների կայացման ընթացակարգերի մասով չհասկացվածությունը վառ դրսեւորում ստացավ գործադիրի նիստում: Սովորաբար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգելու մասին որոշումը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Իսկ նախօրեին կառավարության պաշտոնական կայքէջում գրված էր, որ հարցը պետք է ներկայացներ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայն տվեց ՊԵԿ նախագահի տեղակալին: Ուրեմն մի բան կա՞ր, որ չէին կարողանում կիսել:




Լրահոս