Աշնան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով, իսկ տեղումները նվազել են․ 2024 թվականի աշնան կլիմայական նկարագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2024 թվականի աշնան կլիմայական նկարագիրը․

«2024 թվականի աշնան կլիմայական պայմանները Հայաստանում ընդհանուր առմամբ մոտ էին կլիմայական նորմային (1961-1990թթ)։ Աշնան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 7․5 °C, նորմայից բարձր էր 0․3 °C-ով, իսկ սեզոնային տեղումների քանակը կազմել է 144 մմ կամ նորմայի 121 %-ը։ Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին տեղումների ամսական քանակը գերազանցել է նորման, իսկ նոյեմբերը համեմատաբար չորային էր։

Անսովոր տաք եղանակներ են դիտվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Արարատյան դաշտում հասել են մինչև 28-29 °C, իսկ Կապանում և Մեղրիում՝ մինչև 33 °C։

Հոկտեմբերի վերջին տասնօրյակը և նոյեմբերի սկիզբը բնութագրվել են ցրտաշունչ եղանակներով։ Արարատյան դաշտում գրանցվել են -2 °C-ից մինչև -5 °C նվազագույն ջերմաստիճաններ, իսկ Շիրակում և Լոռիում՝ -9 °C-ից մինչև -12 °C։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք աշունը դիտվել է 2010 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել է 9․8 °C, իսկ ամենացուրտը՝ 1987 թվականին՝ 5․3 °C։ Ամենախոնավ աշունը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմել է 292 մմ, իսկ ամենաչորը՝ 1985 թվականին՝ 55 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ աշնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․1 °C-ով 1935-2024 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 34 մմ-ով»։




Լրահոս