Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում հենց 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցով:
Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։
Տիգրան Ավինյանն ընդունել է, որ հայրը տգեղ է արտահայտվել մայրաքաղաքի կենտրոնում մեքենաները կայանող անձանց հասցեին, և նա ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար։