Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմն արժանացրել է մի շարք մրցանակների միջազգային փառատոններում, սակայն զարմանալին այն է, որ ինչպես այսօրվա մամլո ասուլիսում ասաց ֆիլմի գլխավոր դերասան Կարեն Ջանգիրովը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ճանապարհ չի տվել ֆիլմին:
Կարեն Ջանգիրովը իհարկե մշակույթի նախարարի անունը բացահայտ չհնչեցրեց, սակայն պարզ դարձավ, որ խոսքը հենց մշակույթի նախարարի մասին է:
«Այդ կենսաբանի (Հասմիկ Պողոսյանը մասնագիտությամբ կենսաբան է-խմբ.) ռեխին բա չտաս այս մրցանակները: Ոնց կարելի էր այս ֆիլմին ճանապարհ չտալ»,- վրդովված ասաց դերասանը:
Դերասանի խոսքով` մեր երկրում առկա այդ գորշությունը, հոպարությունը, ազիզ-մազիզությունը, արա- ախպերությունը մեզ խանգարում է, որ գնահատենք մեր իսկական արժեքները:
«Այնպես որ ասել, թե Հայաստանում ֆինանս չկա ֆիլմեր նկարահանելու, ճիշտ չէ, ցանկություն է պետք»,- ասաց դերասանը:
Ֆիլմի ռեժիսորի խոսքով` ցանկացած սկսնակ ռեժիսորի համար ճիշտ է կարճամետրաժ ֆիլմով հանդես գալ:
«Մտածում եմ հանդես գալ ևս մեկ կարճամետրաժ ֆիլմով, որից հետո հանդես գալ լիամետրաժ ֆիլմով»,- ասաց ռեժիսորը:
Ֆիլմի սցենարի հեղինակը ռեժիսորի հայրն է` Արմեն Վաթյանը, որն անկեղծանալով ասաց, որ իր որդին ճիշտ է ներկայացրել իր ասելիքը:
Արեն Վաթյանի խոսքով` ֆիլմի ստեղծման ընթացքում եղել են նաև դժվարություններ, որոնց պատճառով ինքը որոշ դրվագներ չի նկարահանել:
«Բայց ուզում եմ ասել, որ մշակույթի նախարարության աջակցությամբ եմ մեկնել Բեռլին»,-ասաց ռեժիսորը:
Ի դեպ, Արեն Վաթյանը հրավեր է ստացել մասնակցել նաև Վարշավայում անցկացվելիք փառատոնին:
Ֆիլմի պրեմիերան Հայաստանում տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում: