«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է․ որքան է արժեցել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Իլինոյս նահանգում գտնվող տունը, որը 1990 թվականին նկարահանված «Տանը մենակ» ֆիլմում 8-ամյա հերոս Քևին ՄաքՔալիսթերի տունն էր, վաճառվել է 5,5 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է People պարբերականը։

Հինգ ննջասենյակ և վեց լոգարան ունեցող տունը վաճառքի էր հանվել 2024 թ. մայիսին։ Վաճառքի հանվելու մասին հայտարարությունից հետո ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում տունն արդեն գնորդ ուներ։

Քևինին մարմնավորած Մաքոլեյ Կալկինը 2024 թ. դեկտեմբերին խոստովանել էր, որ նույնիսկ ինքը որոշ ցանկությունն ուներ գնել տունը՝ «հանուն զվարճանքի»։ Նա ասել էր, որ չի տեղափոխվի այնտեղ ապրելու, սակայն կարող է այն դարձնել «տուն ֆիլմի երկրպագուների համար», որտեղ նրանք կկարողանային վերաբեմադրել ֆիլմից տարբեր տեսարաններ։

Տանն այժմ կա լիարժեք կահավորված մարզասրահ, կինոթատրոն, երեք մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։

Այն նախկինում պատկանում էր Թիմ և Թրիշա Ջոնսոններին, որոնք տունը գնել էին 2012 թվականին 1,5 միլիոն դոլարով։

Իսկ տան նախկին բնակիչ Լորա Աբենդշինը, որը տանն ապրում էր ֆիլմի նկարահանումների ժամանակ, բրիտանական This Morning հաղորդման ժամանակ պատմել է իր ունեցած փորձառության մասին։

«Մենք տանն էինք մնում գրեթե ամբողջ ժամանակահատվածում, որը մոտ չորս կամ հինգ ամիս էր։ Որպեսզի կադրում չհայտնվենք, ստիպված էինք լինում սենյակից սենյակ սողալ պատուհանագոգի տակով»:

Նա նաև հիշել է, որ դերասանական կազմը ժամանակ էր անցկացնում տանը, երբ սպասում էր իր մասնակցությամբ հաջորդ տեսարանի նկարահանմանը։

«Մաքոլեյ Կալկինն իմ սենյակն էր օգտագործում, որպեսզի պարապի իր ուսուցչի հետ, իսկ նրա եղբայրը, որը շատ չէր նկարահանվում, պարզապես ժամանակ էր անցկացնում իմ սենյակում», – պատմել է Լորան։

Տունը կառուցվել է 1921 թվականին։ 2018 թվականին այն վերանորոգվել է և մեծապես փոխվել է։




Լրահոս