Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր նախագահականի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Գայ համայնքի ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները:
Նրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են լուծում տալ իրենց հուզող խնդիրներին: Բանն այն է, որ այս ոլորտի տնտեսվարողները պայքարում են լոլիկի, սմբուկի, վարունգի և տաքդեղի ներկրման դեմ ՝ ինչի պատճառով էլ չեն կարողանում իրացնել իրենց արտադրածը:
Հավաքված ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները նամակ հանձնեցին ՀՀ նախագահի նստավայրի նամակների բաժին:
Բացի այս, նրանք դժգոհում են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ 45-ամյա Ներսես Երիցյանը armlur.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովված նկատեց, որ ներկրված լոլիկի պատճառով շուկայում ստեղծվել է անհավասար մրցակցություն:
«Եթե մենք ներկրված լոլիկի գնով վաճառենք տեղականը, ապա մենք եկամուտ չենք ստանա: Քանի որ մենք արդեն վնասով ենք աշխատում»,- նկատեց պարոն Երիցյանն՝ ընդգծելով, որ մի քանի օր անց պարզ կդառնա, թե նախագահն ինչով կօգնի գյուղացիներին: