«ՄԵՂԱԴՐՎՈՒՄ» Է ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԲԻԶՆԵՍԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շարունակում են ուղեկցել սկանդալները: Կուսակցության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին արտահոսք ապահովեցին այն մասին, որ Հայկ Սարգսյանը, որ երեք նիստի ժամանակ է՝ խոսում է անտառների ոչնչացման թեմայից, իրականում փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձեւավորել:

Հիշեցնենք, որ Հունվարի 9-ի երեկոյան ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին՝ Տավուշի անտառները ոչնչացնելու համար: Սա դարձել էր փոխադարձ վիրավորանքների ու քաշքշուկի պատճառ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն անգամ իրար հարվածել էին հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, եւ վերջինս էլ թողել ու հեռացել էր: Վեճին միջամտել էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ փորձելով հանգստացնել Հայկ Սարգսյանին ու Ղալումյանին: Այս միջադեպից հետո ՔՊ որոշ շրջանակներ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ոչ թե անտառների ճակատագրով է մտահոգված, այլ փայտանյութ ներկրող քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների հետ որոշակի հարաբերություններ է կառուցել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով զրուցել պատգամավոր Սարգսյանի հետ, սակայն վերջինս որեւէ կերպ կապի դուրս չեկավ մեզ հետ:

Կապվեցինք նրա հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ՝ հետաքրքրվելով այն մասին, որ ՔՊ-ականները պատմել են մեզ, որ փայտ ներկրողները, որոնք քրեական աշխարհի հետ կապ ունեն, իր որդու հետ «բիզնես գործընկերներ են», ու իր որդին քրեական աշխարհի հետ կապ ունեցող փայտ ներկրողներին խոստացել է այնպես անել, որ Հայաստանում փայտ չհատվի, որպեսզի ներկրված փայտը վաճառվի։

Զարեհ Սարգսյանը, ի պատասխան այս մեղադրանքների, ասաց. «Հայկը երկրում չէ, նախապես պլանավորված հանդիպում կար, մեկնել է։ Այս ի՞նչ տեղեկություններ են, ծիծաղել կարելի է։ Կա՞ մեկը Հայաստանում, որ կուզենա ապօրինի ծառահատումներ լինեն, հարց եմ տալիս։ Եթե Հայկը տեղեկություններ ունի ապօրինի ծառահատումների վերաբերյալ, իրեն ոչ ոք ու ոչ մի բան չի կաշկանդի այդ մասին բարձրաձայնել։ Հայկը նաեւ հրապարակային հայտարարություններ է արել՝ քրեական հեղինակությունների եւ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված օրենսդրության պահանջների կատարման անհրաժեշտության մասին, այդ մասին բարձրաձայն ՆԳՆ նախարարին հարց է ուղղել, ո՞նց եք պատկերացնում՝ նա գողականների հետ ընկերություն է անում ու հրապարակավ նրանց դեմ պայքարի մասին խոսու՞մ։ Ձեզ հասած տեղեկությունները լոգիկա չունեն»։

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում։ Հերոսից մինչեւ մեղադրյալ այս էպոպեան սկսվեց նախ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից։ Վերջինս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, բանակային կորպուսներից մեկի հրամանատար եղած ժամանակ ազգային հերոսի կոչում էր ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատերազմից հետո նշանակվել էր արտակարգ իրավիճակների նախարար։ Հերոսացումից ընդամենը 2 տարի անց՝ 2022 թվականի մարտին, Փիլոյանը կալանավորվեց՝ կաշառք ստանալու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Հաջորդ «մեղադրյալ-հերոսը» ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այդ նույն պատերազմին առնչվող գործով: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին. «…Ինչո՞ւ այսքան տարի հետո նոր նրան մեղադրանք առաջադրվեց, ի՞նչ է պարզվել: Ի՞նչ հիմքով են հերոսի կոչում շնորհել նրան: Արդյոք հերոսի կոչումը հետ կկանչվի՞»: Մեր այս հարցերին թերի պատասխաններ են եկել վարչապետի աշխատակազմից. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Տիրան Խաչատրյանին ազգային հերոսի կոչում է տրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջնորդությամբ»:

 

 

Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ

 

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ի դեմս ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, արդեն դադարում է հետաքրքրել ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային աշխարհին։ Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար համարվող Արմեն Նիկողոսյանի դեմ դուրս եկան ակումբներ, ֆանատական շարժումներ, ու բոլորին պարզ է, որ եթե մինչեւ խորհրդարանական առաջիկա ընտրություններ այս մարդիկ չհեռանան ֆեդերացիայից, ապա նրանց հովանավոր Նիկոլ Փաշինյանը կկորցնի տասնյակ հազարավոր ձայներ սպասվող ընտրություններում։ Արմեն Մելիքբեկյանին ընդդիմությունը թերեւս վերջում պարգեւատրի՝ Փաշինյանի դեմ հազարավոր ձայներ ապահովելու համար. իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀՖՖ ներկա ղեկավարության օրոք ֆուտբոլից դուրս եկավ հերթական ներդրողներից ռուսաստանաբնակ գործարար ու Երեւանի «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, ով տեւական ժամանակ է, ինչ քննադատում է ՀՖՖ ղեկավարությանը՝ մեղադրելով վերջիններիս ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների, բուքմեյքերական ընկերությունների հետ աշխատելու, հայկական ֆուտբոլում աննախադեպ նահանջ գրանցելու ու բազմաթիվ այլ մեղքերի համար։ Սողոմոնյանի, ինչպես նաեւ նրանից առաջ ֆուտբոլը լքած ակումբների սեփականատերերից եւ ոչ մեկի հետ իշխանությունը կապի դուրս չեկավ ու չփորձեց նույնիսկ կարգավորել խնդիրները, ինչը նշանակում է թքած ունենալ խաղի միլիոնավոր սիրահարների ու հայկական ֆուտբոլի ապագայի վրա։ Ինչ վերաբերում է ՀՖՖ «գրանցած հաղթանակին», ապա խոսքն ուրբաթ օրն իրենց կողմից տարածված լուրի մասին է, իբրեւ թե դատարանը պարտավորեցրել է «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանին վճարել 800 հզ դրամ գումար։

 

Մենք փորձեցինք ուսումնասիրել դատական ակտը  (ԵԴ/66834/02/22), ու քանի որ ՀՖՖ-ն շարունակում է չարձագանքել մեր զանգերին ու դիմումներին, իսկ պատասխանող կողմի փաստաբանական թիմի հետ եւս հնարավոր չեղավ կապի դուրս գալ, ուստի անարձագանք մնացած հարցերին պատասխանել հնարավոր չեղավ: Օրինակ՝ Արթուր Սողոմոնյանն իր հայտնի հարցազրույցում մեղադրանք էր հնչեցրել ԲԿՄԱ-ի ու այնտեղ այն ժամանակ ֆուտբոլ խաղացող ֆուտբոլիստի մասին, ում մայրը ՏԿ փոխնախարար էր, իսկ հայրը ՀՖՖ գործկոմի անդամ. չկա մեկնաբանություն, ու ստացվո՞ւմ է, որ Փյունիկի սեփականատերը ճիշտ էր։ Կարելի է ենթադրել, որ Սողոմոնյանին դատարանը պարտավորեցնում է 4-5 մեղադրանքներից միայն մեկով, այն էլ մասնակի մեղավոր ճանաչել (հայցվորը պահանջում էր 2 մլն դրամ, իսկ դատարանը բավարարել է 800 հզ դրամը)։ Իհարկե, տոտալ ձախողումների կնքահայր ՀՖՖ-ի համար սա եւս հաղթանակ է, այն էլ՝ շռնդալից, սակայն իրականում հնարավոր է բոլորովին այլ բան ստացվի, առավել եւս, եթե ակտը բողոքարկվի վերադասության կարգով։ Ի դեպ, ՀՖՖ ֆեյսբուքյան էջում շատ հաճախ չի հայտնվում մեր տարբեր տարիքային ու կանանց հավաքականների միջազգային խաղերի արդյունքները, քանի որ դրանք ավարտվում են հիմնականում խայտառակ հաշիվներով ու պարտություններով, բայց, արի ու տես, որ ֆեդերացիայի ղեկավարների համար ավելի կարեւոր է դատական ակտի մասին հրապարակում անելը, այն էլ՝ սեփական տեսանկյունից ներկայացված։

 

Հ. Գ. կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին խոսող մեր իշխանությունները հիանալի շանս ունեն ուսումնասիրություններ սկսելու ՀՖՖ-ում, կամ գոնե բանակից ըստ էության ազատվող, ապա ֆուտբոլով չզբաղվող զինվորների թեման ուժայիններին կարող է հետաքրքրել։ Սրանք գործեր են, որոնց վերաբացումն անպայման տեղի է ունենալու։

 

 

 

 

 

«Տեխնոտուն» ընկերությունը եւ Ֆրանսիական Accor-ի  Pullman բրենդը ներդրումային ծրագիր են իրականացնում Երեւանում՝ ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: Թվում է` շատ լավ ծրագիր է, գովելի ներդրում, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց հատկացվել է մի հողատարածք, որը Հայաստանի մայրաքաղաքի միակ մանկական առողջարանն էր: Էլ չունենք: Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով: Տարիներ շարունակ Նորքի Այգիներ 180 հասցեում գործել է Երեւանի միակ մանկական առողջարանը, եւ պարզվում է՝ այն վերածվելու է բնակելի շենքի, հյուրանոցի, բայց ոչ մի խոսք՝ մանկական առողջարանային հատվածի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը եղավ այդ հասցեում։ Նկատենք, որ տարածքում այնքան էլ բարյացակամ չէին՝ մեզ հետ խոսելու։ Դռները փակեցին մեզ վրա: Երբ եւ ում կողմից է սեփականաշնորհվել մանկական միակ առողջարանը. «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանը պատասխանատվությունը դրեց Պետական գույքի կոմիտեի կառավարման վրա, իսկ նրանք էլ դեռ չեն պատասխանել (կներկայացնենք ստանալուն պես): Բաց աղբյուրներից պարզեցինք, որ այդ տարածքում շինարարություն սկսած «Տեխնոտուն» ՍՊԸ-ն գրանցված է Արամ Մուրադյանի, Արտաշես Հակոբյանի, Գագիկ Աղավելյանի եւ Ռոբերտ Հակոբյանի անուններով. վերջին երկուսը դուրս են եկել կառավարումից, հիմա հավասարապես բաժնետեր են առաջինները՝ մեկը գրանցված Քանաքեռ-Զեյթունում, մյուսը՝ Արաբկիր համայնքներում:

Դատելով հասցեներից` Ռոբերտն ու Արտաշեսը հայր և որդի են: Պաշտոնապես որեւէ կապ չկա, այսպես ասած, նախկին թալանչի պաշտոնյաներից մեկի հետ, բայց նման խոսակցություններ կան օդում կախված՝ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը:

«Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի, համագործակցության հուշագիր են ստորագրում անցած տարվա հուլիսի 3-ին հենց Նորքի այգիներ 180 հասցեում: Ըստ պաշտոնական հայտարարության` նախագիծն ընձեռելու է ապրելակերպի նոր հնարավորություններ՝ հյուրանոցային մակարդակի բարձրակարգ սպասարկումով, պայմաններով ու ենթակառուցվածքներով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 16 հարկանի համալիր է կառուցվում Նորքի այգիներ 180 հասցեում, եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնյաներն են իրենց ստորագրությամբ հաստատել շինթույլտվության փաստաթղթերը, ինչ հիմնավորմամբ է 5-6 հարկայնության թույլտվության գոտում օրինախախտմամբ 16 եւ ավելի բարձրահարկ կառուցվում: Քաղաքապետարանից ստացել ենք մի քանի գերատեսչությունների դրական եզրակացությունների մեջբերումներ և մի կարեւոր տեղեկություն, որ նախագծման թույլտվություն տրվել է 23․08․2022թ․-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, ու նրա օրոք էլ 4 ամիս անց նաեւ շինթույլտվություն է տրամադրվել 5 տարի 2 միս ժամկետով: Բայց Տիգրան Ավինյանն արդեն փոխքաղաքապետ էր:

ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը լայն ժպիտով ողջունում է ներդրումը, որը իրականացվում է Երեւանի միակ մանկական առողջարանի հաշվին: Հետաքրքիր է՝ սրա՞ համար էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն անում:

«Ժողովուրդ» օրաթերթը իր վերջին հարցով Տիգրան Ավինյանից պահանջել էր ներկայացնել տեղեկություն, թե մանկական առողջարանի համար ի՞նչ տարածք է հատկացվել՝ որպես փոխարինող անհրաժեշտություն: Սակայն Երեւանի քաղաքապետը չի պատասխանել այս հարցին: Այսինքն՝ Երեւանի համար մանկական առողջարանը առաջնահերթություն չէ, գլխավորը բազմահարկ հյուրանոցներն են, բիզնեսը, փողը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ երիտհեղափոխականների մասին. նրանք մեծ ախորժակով խժռում են մեր մայրաքաղաքի առողջարանը՝ հանուն փողի: Ընդ որում՝ դա անում են իրենց կողմից մերժված, թալանչի տղաների երեխաների հետ:

Շարունակելի….

 




Լրահոս