Ադրբեջանում հունվարի 17-ին կսկսվի Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ու նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը:
Բաքուն վերջիններիս մի շարք ծանր հոդվածներով շինծու մեղադրանքներ է առաջադրել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու» համար։ Ռուբեն Վարդանյանին եւ Արայիկ Հարությունյանին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն եւ ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի հետ։
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ գնահատական կտաք ընթացող շինծու դատավարություններին, ի՞նչ ճակատագիր է սպասվում գերեվարվածներին։
-Սա մեր՝ բոլորիս ամոթն է. նորագույն ժամանակներում նման դեպք չի եղել, որ հայ պաշտոնյան գերեվարվի ու ձերբակալվի թշնամի երկրի կողմից։
-Իսկ ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս Բաքուն ցմահ ազատազրկման կդատապարտի արցախցի պաշտոնյաներին, թե՞ միջազգային հանրությանը կհաջողվի բռնել ձեռքը ու դադարեցնել այս ապօրինի գործընթացը։
-Իսկ ի՞նչ եք ակնկալում, ինչո՞ւ են ձերբակալել։
-Հայաստանի իշխանությունների քայլերը նրանց ազատ արձակելու ուղղությամբ ինչպե՞ս եք գնահատում, քայլեր տեսնո՞ւմ եք։
-Ես ոչ մի քայլ էլ չեմ տեսնում, Բաքվում այսօր միայն Արցախի ղեկավարությանը չեն դատում, այլ հայ ժողովրդին են դատում։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր բանակցած խաղաղության պայմանագրում գերիների վերադարձի մասին դրույթ չկա։
-Իրենք գերիներ չեն, հայ ազգի ներկայացուցիչներ են, որոնք դատվում են Բաքվում։
-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչը կկանգնեցնի Բաքվին, ո՞ր դեպքում կդադարեն այս ապօրինի դատավարությունները, ու ազատ կարձակվե՞ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերեվարվածները։
-Դա հրապարակման ենթակա չէ։
-Իշխանության փոփոխությունը կնպաստի՞ գերիների ազատ արձակմանը։
-Ո՛չ, մեզ սպասվող գործողությունների ժամկետների մասին ես արդեն ասել եմ, ոչինչ չի փոխվել։
-Պարո՛ն Հակոբյան, ի դեպ, Բաքուն արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին ֆաշիստ է որակում ու պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։
-Այս մասին ես շատ վաղուց եմ ասել, որ նման պահանջ է դնելու։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ Է
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական եւ հաստատուն։ Այս մասին դեսպանն ասել է հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։ «Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, եւ այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է եւ հաստատուն»,-շեշտեց դեսպանը։
Նա խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը եւս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։
«Սա տարածաշրջանում երկարատեւ եւ արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաեւ հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։
Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը ռազմավարական տարածաշրջանին եւ Երեւանի ու Բաքվի հետ գործընկերային հարաբերություններին։
«Կարեւոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ եւ նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարեւոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի եւ խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»,-նշված է Մագդալենա Գրոնոյի գրառման մեջ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառման մեջ նշել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ունեցած տարբեր հանդիպումներում ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին եւ այլն։
«Շեշտվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը կարգավորմանն իր բոլոր բաղադրիչներով, ներառյալ՝ աջակցություն Հայաստան-Ադրբեջան շարունակվող երկկողմ բանակցություններին, ուշադրություն կենտրոնացնելու կապի կոնկրետ բաղադրիչների եւ հումանիտար խնդիրների վրա, խթանելու տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Վերջինս նաեւ հայտնել է, որ երկու երկրների մայրաքաղաքներում ղեկավարությունների եւ պաշտոնյաների հետ տեղի է ունեցել մտքերի խոր փոխանակում, թե ինչպես լավագույնս առաջ մղել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։
Մագդալենա Գրոնոն նաեւ հավելել է, որ կազմակերպության կողմից բարձր են գնահատվում նաեւ տեղական քաղաքացիական հասարակությունների հետ մտքերի փոխանակումները: