2025 թվականից մայրաքաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման վճարը թանկացել է: Երեւանում 251 հազար 635 բնակարան կա, եթե մինչեւ հիմա աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, ապա 2025-ից այն կհաշվարկվի ըստ մակերեսի, 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ:
2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը, հղում անելով Վիճակագրական կոմիտեի 2023-ի տվյալները, նշել է, որ Երեւանում 251 635 բնակարան կա, որից 52 641-ը՝ մեկ, 85 073-ը՝ երկու, 91 829-ը՝ երեք, եւ 22 092-ը՝ չորսսենյականոց եւ ավելի։
«Միջինում մեկսենյականոց 35 քմ մակերեսով բնակարաններում ապրում է 1-3 անձ։ Եվ եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, փոփոխության դեպքում վճարումը կկազմի 455 դրամ, այդ նույն սկզբունքով երկուսենյականոցի համար 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա վերաբերում է բնակարաններին։ Իսկ անհատական բնակելի տների մասով աճը մի փոքր ավելի է լինում. միջինում՝ 180 դրամ»,- ասել էր Հակոբյանը։
Ստացվում է, որ օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում 100 քմ բնակարան ունեցող միայնակ բնակվող քաղաքացին, նախկին 200 դրամի փոխարեն աղբահանության համար կվճարի 6,5 անգամ ավելի թանկ։
Փոխարենը տրանսպորտի գնի բարձրացմանը զուգահեռ հանվեն բնակֆոնդից գանձվող պարտադիր վճարները՝ թանկացնում են գույքահարկը, աղբահանության համար նախատեսված պարտադիր վճարը։
Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մարդիկ միայն աղբահանության համար չեն վճարում, դա իր մեջ ներառում է նաեւ սանմաքրման վճարը, նա հավելել է, որ 2025 թվականին, օրինակ, ավելի քան 600 մլն դրամով սանմաքրման նոր մեքենաներ է Երեւանը գնելու, այդ գումարներով վարձատրվելու են նաեւ սանմաքրմամբ ու աղբահանությամբ զբաղվող ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Ստացվում է, որ Երեւանը պահում են երեւանցին, Երեւանում ապրող դիլիջանցին, հրազդանցին, արարատցին եւ այլ քաղաքներից աշխատանքի եւ ուսման նպատակով եկած քաղաքացիները։
Օրինակ, եթե ուսանողը վարձով տուն ձեռք բերի Երեւանում, ստիպված կլինի այսուհետեւ ավելի թանկ վարձ վճարել, քանի որ ամեն թանկության հետ նոր գնաճ է նկատվելու։ Անգամ աղբի վճարի բարձրացումը ազդելու է տների վաճառքի եւ վարձակալության արժեքի վրա։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՎԻՃԱԿԸ
Ընդհանուր առմամբ 2024թ.-ին նախարարության աշխատանքը եւ մեր տնտեսական ցուցանիշները, կարծում եմ, որ պետք է գնահատենք դրական։ Տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա նկատեց, որ դեռ տարին վերջնականապես չի ամփոփվել, բայց 11 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության աճը 7,4 տոկոս է կազմել, իսկ հունվար-նոյեմբերին գրանցվել է արտահանման 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 աճ։
«Եթե համեմատության մեջ դիտարկենք, մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ՝ մասնավորապես, 2019թ.-ի»,-ասաց նա։
Պապոյանը նշեց, որ նախկինում, եթե տնտեսական աճի շարժիչ ուժը ծառայություններն էին, որը երբեմն կապվում էր խաղային բիզնեսի հետ, այժմ տնտեսական աճի մեջ ծառայություններն իրենց դիրքով զիջել են շինարարությանը եւ արդյունաբերությանը։
ՎԱՐՈՐԴՆԵՐ ՉԵՆ ՀԱՄԱԼՐԵԼ
«Երեւան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա։ Այս մասին հայտարարվել է Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր ավտոբուսները Երեւան են բերվել դեռ նոյեմբերին, եւ որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նշել է. «Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետեւ 340 աշխատակցի կարիք ունեինք, եւ վստահաբար կհասցնեինք իրականացնել»։
Նա «Երեւան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանից նաեւ հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը։
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորելու պատրաստակամության մասին, առաջին բանը, որ մտքովս գալիս է նախորդ տարի Տավուշում հանձնված 4 գյուղերն են: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ այդ գյուղերի հանձնումից առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ 90-ականների պատերազմի հետեւանքով, Տավուշում Ադրբեջանը վերահսկում է 32 հայկական գյուղի տարբեր հատվածներ եւ իր զիջողականությունը փորձում էր ներկայացնել փոխադարձության սկզբունքով:
«Այսինքն` խորհրդային ժամանակվա քարտեզով, Տավուշում «սահմանազատում» պետք է իրականացվեր, որտեղ զիջումները պետք է փոխադարձ լինեին, իսկ եղավ այն, ինչ գիտեն բոլոր եւ տարածքներ զիջեց միայն Հայաստանը:
Հիմա այս իրողություններն ու փորձը հաշվի առնելով՝ կա՞ որեւէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերը, օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա:
Իհարկե՝ ոչ: Ավելի վատ բան ասեմ. սա, ըստ էության, հուշում է, որ մի փուլում այս առաջարկը կխմբագրվի եւ տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը»,- գրել է Աբրահամյանը։
ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ
Վերջին օրերին Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհները լուրջ վնասներ են հասցրել տարածաշրջանին։ Հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ տարհանման հրաման է ստացել ավելի քան 130.000 մարդ։
ABC News-ին նահանգապետ Գեւին Նյուսոմը հայտարարել է, որ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։
Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, եւս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։
Լոս Անջելես քաղաքի տարածքում 6 խոշոր հրդեհները դեռ շարունակում են տարածվել։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ