2025 թվականի հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է Եռաբլուր պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս գողացված ծաղիկները վաճառել են Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1.000 ՀՀ դրամ արժեքով:
2025 թվականի հունվարի 9-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Դ.-ի եւ Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը): Ներկայացված միջնորդությունները բավարարվել են եւ նույն օրը մեղադրյալներին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել:
2025 թվականի հունվարի 9-ին վերջիններս ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որից հետո միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Ա.Դ.-ի եւ Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նշենք՝ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվել է։
Ինչպես հայտնի էր դարձել ArmLur.am-ին, նրանք հայտնել էին, որ Եռաբլուրում փնտրել են թարմ ծաղիկներ, գողացել են դրանք, տարել ու վաճառել են ծաղկի խանութներին, որ գումար աշխատեն։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ «ԿԵՆՏՐՈՆԸ»
2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ՀՀ-ում տեղի ունեցած հանցագործությունների թիվը կազմել է 31.320։
Հետաքրքիր է, թե ՀՀ-ի ո՞ր մարզերում են եղել ամենաշատ հանցագործության դեպքերը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է այն 3 մարզերը, որտեղ հանցագործության ամենաշատ դեպքերն են գրանցվել։
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ Արմավիրի մարզում 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 2677 դեպք, որից ոչ մեծ ծանրության են 1527-ը։ Գրանցված հանցագործության դեպքերից միջին ծանրության են 725-ը, ծանր՝ 364-ը եւ առանձնապես ծանր՝ 61-ը։
ՀՀ Կոտայքի մարզում 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է հանցագործության 2589 դեպք, որից 1508-ը՝ ոչ մեծ ծանրության, 800-ը՝ միջին ծանրության, 251-ը՝ ծանր, իսկ 30-ը՝ առանձնապես ծանր։
Շիրակի մարզում եւս գրանցվել են հանցագործության դեպքեր, որոնք կազմել են 2283-ը։ Գրանցված հանցագործություններից 1154-ը ոչ մեծ ծանրության են, 676-ը՝ միջին ծանրության, 390-ը՝ ծանր, իսկ 63-ը՝ առանձնապես ծանր։
2024 ԹՎԱԿԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Հանցագործությունների դեպքեր գրանցվում են գրեթե ամեն օր, իսկ տարեկան կտրվածքով հանցագործության դեպքերն ավելի են տասնյակներից։
«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսներին հանցագործության քանի դեպքեր են գրանցվել։
Մինչ վիճակագրությունը ներկայացնելը նշենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024-ին հանցագործության դեպքերն ավելի քիչ են եղել, քան 2023-ին։
Այսպիսվ՝ 2024-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է հանցագործության ընդհանուր 31.320 դեպք։
31.320 հանցագործության դեպքից ոչ մեծ ծանրության են 15.044-ը, ինչը ավելի շատ է նախորդ՝ 2023 թվականի հետ համեմատած։
Միջին ծանրության հանցագործությունների թիվը 2024-ին եղել է 10.518-ը, ծանր հանցագործություններինը՝ 4313-ը։ Առանձնապես ծանր հանցագործության դեպքեր 2024-ին եւս գրանցվել են եւ համեմատելով նախորդ տարվա հետ՝ դրանք ավելի շատ են։
2023-ին առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 1425-ը, իսկ 2024-ին՝ 1445-ը։
Հանցագործությունների ընդհանուր քանակից 94 դեպքը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։
Նյութերը՝ ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ
ՆՈՐ ԳԵՂԻՈՒՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՐՄԻՆ Է ԳՏՆՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Է. Շ.-ն Կոտայքի մարզի Նոր Գեղի գ. Բանավան թաղամասի Ամառանոցային 1-ին փողոցում վիճաբանել եւ փոխադարձ հարվածներ է հասցրել Ա. Վ.-ին։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ վիճաբանությունը այնքան է թեժացել, որ Է. Շ.-ն տանը գտնվող խոհանոցային դանակով հարվածել է Ա. Վ.-ին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Է. Շ.-ն ձերբակալվել է։
Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ