ԲԻԶՆԵՍ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ 35 ՏԱՐՎԱ ՄԵՂՎԱՊԱՀԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։

 

Ընկերության արտադրանքը պատրաստվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, փեթակներ կան նաեւ Գեղարքունիքի Մարտունի գյուղում։

AUREA-ն «Ակբա» Ֆեդերացիայի եւ «Իմփաքթ Հաբի ֆելոուշիփ» ծրագրի մասնակիցներից է. տարբեր դասընթացների մասնակցելու ընթացքում ստեղծվեց ընկերության նոր արտադրանքը՝ ամենօրյա օգտագործման 10 գրամանոց մեղրի տուփերը, որի համար արտադրությունում ավելացավ նոր հոսքագիծ:

AUREA-ն, իր գործընկերների՝ «Ակբա» բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ, նաեւ ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ:

«AUREA անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ոսկե», փորձում ենք մեր բրենդով փոխանցել մեղրի ոսկու չափ կարեւոր եւ թանկարժեք լինելու գաղափարը: Մեր մեղվանոցը տեղակայված է արոտավայրերին մոտ՝ հեռու գյուղական բնակավայրից, համապատասխանում է օրգանական բոլոր պահանջներին, ինչը, բնականաբար, ավելացնում է մեր պրոդուկտի արժեքը։ «Ակբա» Ֆեդերացիայի եւ «Իմթաքթ Հաբի ֆելոուշիփն» ինձ համար շատ առանցքային ծրագրեր են եղել, որի ընթացքում մասնակցել եմ բիզնեսի զարգացմանն ու մարքեթինգին ուղղված ամենատարբեր դասընթացների։ Դրանք ինձ նոր պրոդուկտներ ստեղծելու հնարավորություն տվեցին։ 2021-ին սկսեցինք զբաղվել օրգանական մեղվաբուծությամբ։ «Ակբա» բանկի եւ NABU-ի «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում փոխհատուցվեցին սերտիֆիկացման ծախսերը: Աջակցություն ենք ստացել 2023-ին, որը ծախսերի կրճատման առումով շատ մեծ աջակցություն է փոքր տնտեսություններին, որովհետեւ փոքր տնտեսությունից օրգանական գյուղատնտեսություն անցնելու համար մեծ ռեսուրսներ պետք է լինեն»,- նշել է «Ագրի» ընկերության տնօրեն Հայարփի Հակոբյանը։

Բիզնեսի հաջորդ քայլն արդեն Վարդաբլուրում հյուրատան կառուցումն էր, որը գյուղը դարձնում է զբոսաշրջային նոր ուղղություն: Մեղվափեթակների յուրահատուկ կոնցեպտով հյուրատանը կարելի է իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին, այցելել օրգանական մեղվապահության մեղվանոց եւ ցանկության դեպքում մասնակից լինել արտադրական գործընթացներին։

«Ակբա» Ֆեդերացիան «Ակբա» բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: «Ակբա» բանկում ունեցած մասնակցության շնորհիվ «Ակբա» Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

 

 

 

ԶՈՀՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին նա անհետ կորել էր Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմում. նրա մարմինը հայտնաբերվել է դեկտեմբերի 29-ին։ ՌԴ քաղաքացի, չամուսնացած Գոռ Ազիբեկյանը ուղարկվել է Ուկրաինա` պատերազմ։ Կոթիի բնակիչները մեծ ցավ են ապրում, քանի որ Գոռի մահը այդ ընտանիքում վերջին 3 ամսում 3-րդ կորուստն էր։ Դեկտեմբերին Գոռի հորական պապի՝ Ղազար Ազիբեկյանի  մահվան քառասունքի ժամանակ տեղի էր ունեցել Գոռի 59-ամյա հոր` Արմեն Ազիբեկյանի թաղումը, հունվարի 10-ին էլ պատերազմում զոհված թոռի թաղումն էր։ Օրերս Ռուսաստանի Ռյազան քաղաքում հուղարկավորել են ծագումով Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից Գեւորգ Կիզիրյանին։ Նա ՌԴ քաղաքացի էր, 30-անց տարիքի։ Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում օդից հարված է հասցվել զինծառայողների խմբին, որի մեջ եղել է Գեւորգը։ Զինվորական հոսպիտալում նրա ձեռքը, ոտքը անդամահատել են, հույս կար, որ նա կապրի, սակայն վիճակը վատթարացել է։ Գ. Կիզիրյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռյազանում։ 2 տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմում զոհվել է Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից սերված Գեւորգ Պապյանը։ Նրա հուղարկավորությունը կատարվել է Ռուսաստանում։

Զոհված, մահացած, հաշմանդամ զինծառայողների բնակարանային խնդիրները չեն լուծվում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024թ. հոկտեմբերի 14-ին որոշել է հաստատել  զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանները ուսումնասիրելու, ստուգելու նպատակով հանձնաժողովի նոր կազմը։ Մարզպետին հարցապնդում ենք արել՝ Տավուշի մարզում նշված կատեգորիաների քանի՞ ընտանիք կարիք ունի բնակարանի, ե՞րբ, ի՞նչ միջոցներով է լուծվելու այդ խնդիրը։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզում ունենք զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավման համար ներկայացված եւ հաշվառված 83 ընտանիքի դիմում։ Նշված ընտանիքների բնակարանային խնդիրներին՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգի, լուծում է տրվում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացության համաձայն եւ տվյալ տարվա համար պետական բյուջեով նախատեսված ու ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրված միջոցների հաշվին»։ ՀՀ պետական բյուջեն մսխվում է տարբեր ձեւերով, իսկ զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների բնակարանային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս