ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄՈԳԸ, ՈՎ ՓՈԽԵՑ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական գանձերը շատ են։ Հայկական գանձերից են նաեւ այն հանճարները, որոնց մասին շատերը գիտեն։

 

Փարաջանովը մինչ օրս մեծ դեր է խաղում հայկական մշակույթում։

Նշենք, որ Փարաջանովի 100 ամյակի առթիվ Հայաստանում կազմակերպվել են թեմատիկ միջոցառումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը ձեր ուշադրությանն է ներկայացնում որոշ հետաքրքիր փաստեր Փարաջանովի կյանքից։

Այսպիսով՝ սկսենք Փարաջանովի մանկությունից։ Երբ Սերգեյ Փարաջանովը 6 տարեկան էր, ձերբակալել են իր հորը։ Հեղափոխությունից հետո Փարաջանովների ունեցվածքը բռնագրավեցին եւ Փարաջանովի հոր բիզնեսն էլ որակեցին հանցավոր։

Իոսիֆ (Հովսեփ) Փարաջանովը՝ Սերգեյի հայրը, նախահեղափոխական Թբիլիսիում համարվում էր ամենահարուստ անձանցից։ Նա իր կարողությունը դիզել էր հնավաճառությամբ, բացի այդ՝ ուներ հասարակաց տուն՝ «Ընտանեկան անկյուն» անվանմամբ։ Հասարակաց տան համար աղջիկներ էին բերում Փարիզից, եւ Հովսեփի կինը՝ Սիրանը, անձամբ էր զբաղվում նրանց ընտրությամբ։ Ահա այդ պատճառով էլ նախահեղափոխական Թբիլիսիում Փարաջանովի հոր բիզնեսը համարեցին հանցավոր։

Սերգեյ Փարաջանովը յուրաքանչյուր անձի կարողանում էր զարմանք պատճառել իր տարօրինակություններով։ Օրինակ՝ ճաշելիս կոտլետները պետք է դասավորված լինեին ափսեում հատուկ կարգով, իսկ բաժակը սեղանի վրա ուներ հատուկ տեղ։ Փարաջանովն իր տուն կարող էր հրավիրել օրական 4 տասնյակից ոչ պակաս հյուր։ Փարաջանովը շատ հաճախ իր ընկերներին ընծայում էր թանկարժեք նվերներ, սակայն հետաքրքիրն այն է, որ կարող էր մտափոխվել եւ հետ վերցնել դրանք՝ նվիրելով ուրիշներին։

Փարաջանովը ռեժիսոր Լեոնիդ Օսիկայի կնոջը՝ դերասանուհի Սվետլանա Կնյազեւային, նվիրել է 50 ժապավենազարդ անձեռոցիկ, ինչ-որ իրերի կույտ եւ վրացական ազգային կոստյում։ Նվիրելիս անընդհատ ասել է. «Է՛հ, սիրո՜ւն ես դու, Սվետլանա»։ Պատահում էր, որ նա որդուն՝ Սուրենին, ծանոթացնում էր խորթ մոր հերթական թեկնածուի հետ, սակայն ոչ ոքի հետ էլ չէր ամուսնանում։ Անգամ խոսակցություններ են եղել Փարաջանովի եւ Վլադիմիր Մայակովսկու երբեմնի սիրեցյալ Լիլյա Բրիկի սիրավեպի մասին, սակայն այդ հարաբերությունները երկար ընթացք չունեցան։

Փարաջանովի ֆիլմերը մեծ դեր են խաղացել հետագայում նկարահանվող ֆիլմերի վրա։

1959 թվականին Փարաջանովը Կիեւում նկարահանեց «Առաջին տղան», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր. բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տասը տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

1966 թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիեւի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական եւ առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու մեջ եւ արգելեցին հետագա նկարահանումները։ Հասկանալով, որ Կիեւում նրան այլեւս չեն թողնի աշխատել, նա տեղափոխվեց Երեւան՝ «Հայֆիլմ», որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։

Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը եւ չհասկացան ռեժիսորի նորարարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, եւ դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկեւիչը։ Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել, եւ որը գտնվում է «Հայֆիլմի» արխիվում, եւ Յուտկեւիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի։

Փարաջանովը հայտնի է նաեւ իր հետաքրքիր մտքերով։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նաեւ Սերգեյ Փարաջանովի յուրօրինակ մտքերից, որոնք անտարբեր չեն թողել շատերին։

  1. Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես ե՛ւ քեզ կխղճաս, ե՛ւ կյանքդ:
  2. Մարդը պարտավոր է եւ պետք է ապրի տառապանքի երջանկությունը, այլ կերպ նա մարդ չի կարող լինել:
  3. Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով:
  4. Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ եւ ո՛չ էլ պարգեւներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, եւ երբ անձրեւ է գալիս, ես հովանոցով եմ քնում եւ երջանիկ եմ, որովհետեւ դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
  5. Երբ խելացին է քեզ հայհոյում, դա վատ է, իսկ երբ գովաբանում է հիմարը, ավելի վատ է։

Փարաջանովի ամենահայտնի խոսքերից է այն, որ աշխարհից վրեժխնդիր կլինի սիրո միջոցով, եւ նայելով կինոռեժիսորի անցած ուղուն՝ կարելի է ենթադրել, որ այդպես էլ արել է։

Ի վերջո յուրաքանչյուրն ունի վրեժխնդիր լինելու տարբերակը, բայց ամեն դեպքում կարելի է ընտրել սիրով վրեժխնդիր լինելու տարբերակը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԱՐՎԵՍՏԻ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԹՎԱՅԻՆ ՑԱՆԿ

Արցախի Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը նախաձեռնել է նոր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ:

Նախագծի շրջանակներում հավաքագրվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տեղադրված ցայտաղբյուրների, արձանների, տարբեր առիթներով ստեղծված կոթողների, հարթաքանդակների լուսանկարները:

 

 

ԵՐԲ ԿՆՇՎԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

Այս տարի Ս. Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը հայտնել է, որ համացանցում տարածվում է սխալ ինֆորմացիա, թե, իբր, հունվարի 27-ին է։

«Դա անցած տարվա մասին էր։

Սա մեր շարժական տոներից է, եւ 35 օրվա շարժականություն ունի։

Ի դեպ, այս տարի սիրո ու ընտանիքի տոների եռօրյակ Է ստացվում` փետրվարի 14-ին նշվում է Տեառնընդառաջը (սա անշարժ տոն Է ու միշտ այդ օրն է նշվում), որը սկսում ենք տոնել նախօրեին` փետրվարի 13-ին։

Այնպես որ փետրվարի 13, 14 եւ 15-ին սիրո եռօրյակ ունենք այս տարի»,- նշել է նա։

 




Լրահոս