Ի՞ՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակության տարբեր շերտերի կողմից մշտապես քննարկվում է այն հարցը, թե որ երկրից է առավել ճիշտ գազ ներկրել Հայաստանի Հանրապետություն։ Այս հարցի վերաբերյալ կան ոչ միանշանակ կարծիքներ։ Մարդկանց մի մասի կարծիքով՝ ճիշտ է ՌԴ-ից ներկրել գազ, մյուս մասի կարծիքով՝ Իրանից, իսկ մեկ այլ մասի կարծիքով էլ՝ Ադրբեջանից։

 

Նշենք, որ ՌԴ-ից ՀՀ ներկրված գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իսկ իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։ Սակայն հետաքրքիր է, թե 1000 խմ-ի համար քանի՞ դոլար կարժենա ներկրված գազը։ Օրինակ՝ ՌԴ-ից 1000 խմ-ի դիմաց ՀՀ-ն գազը գնում է 165 դոլարով, ինչը շուկայական գնի համեմատությամբ բավականաչափ ցածր գին է։

Պարզելու համար կառաջանա՞ն ինչ-որ վտանգներ Ադրբեջանից գազ ներկրելու դեպքում եւ ինչքանո՞վ ձեռնտու կլինի Ադրբեջանից գազ ներկրելը, ArmLur.am-ը կապ է հաստատել տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Պարո՛ն Պարսյան, ինչքանո՞վ անվտանգ եւ ձեռնտու կլինի Ադրբեջանից գազամատակարարումը դեպի Հայաստան։ Ինչ-որ խնդիրներ կառաջանա՞ն։

-Գազամատակարարումը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գազի պաշարներ չունենք։ Ներկայումս Հայաստանը գազ ստանում է ՌԴ-ից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, եւ դա թույլ է տալիս ամբողջությամբ ապահովել մեր գազասպառումը։ Նշեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը գազ էր ստանում Ղազախախստանով՝ Ադրբեջանից, եւ այդ ժամանակ հիմնական գազամատակարարը հանդիսանում էր Ադրբեջանը։ Իրավիճակը փոխվել է վերջին տարիների ընթացքում, հաշվի առնելով այն, որ մենք ունենք իրանական գազամատակարարման հնարավորություն մինչեւ 2 մլդ խորանարդ մետրի չափով։ Այս պահին ընդամենը դրա 15 տոկոսն ենք օգտագործում: Ռուսաստանում կառուցվեց նոր գազատար, որը նույնպես ուղղակի գազամատակարարման հնարավորություն էր ստեղծում։ Միաժամանակ նշեմ, որ Ադրբեջանի գազի պաշարները այնքան չեն, որ թույլ տան բավարարելու իր ներկա պատվերները։ Մի կողմից՝ Ադրբեջանն ունի պայմանագիր եվրամիության երկրների հետ՝ տարեկան մինչեւ 20 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու։ Ինքն այդքան գազ չունի, նույնիսկ վերջերս Սերբիայի նախագահը հայտարարեց, որ նրանք դադարեցրել են գազամատակարարումը Սերբիա։ Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին չի կարող անգամ իր վերցրած պատվերները կատարել, ուր մնաց՝ նոր պատվերներ ընդունի՝ հաշվի առնելով գազի մատակարարման իր պատճառները։ Բացի այդ, նշեմ, որ ադրբեջանական գազը եվրոպական շուկայում անհամեմատ ավելի թանկ գնով է վաճառվում, քան մենք Ռուսաստանից ենք ձեռք բերում։ Ադրբեջանն իր գազը եվրոպական շուկայում վաճառում է բորսայական գներով՝ 500 դոլարի շրջանակներում։ Այսինքն՝ մենք 2-3 անգամ շատ պետք է վճարենք։

-Այսինքն՝ մեզ ձեռնտու չէ՞։

-Այս պահին իհարկե, ձեռնտու չէ։ Ե՛ւ ձեռնտու չէ, ե՛ւ Ադրբեջանը չունի այդքան գազ, որ մատակարարի։

-Իսկ անվտանգության առումով ինչ-որ խնդիրներ չի՞ առաջացնի միայն այն հանգամանքով, որ Ադրբեջանը թշնամական երկիր է։ Օրինակ՝ կլինե՞ն հաճախակի գազի անջատումներ։

-Մենք ժամանակին դրա պատճառով ունեցանք էներգետիկ ճգնաժամ։ 90-ական թվականների ադրբեջանական կողմը պարբերաբար պայթեցնում էր Ղազախստանի գազի գիծն ու Հայաստանը զրկվում էր գազամատակարարումից։ Այսինքն՝ մենք այդպիսի փորձ ունեցել ենք եւ Ադրբեջանը Հայաստանի համար չի կարող հանդիսանալ միակ գազամատակարար երկիրը կամ գազ ապահովող ենթակառուցվածքը ստեղծող պետությունը։ Մենք կարող ենք լավագույն դեպքում ունենալ այլընտրանքային տարբերակներից մեկը: Ենթադրենք՝ լինի ինչ-որ խնդիր, Վրաստանի տարածքով գազամատակարարման խնդիրը առաջանա, գազամատակարարումը որոշակի ժամանակ իրականացնենք Ադրբեջանով։ Մյուս պարագաներում ամբողջությամբ մենք չենք կարող հիմնվել այս ուղղության վրա՝  հաշվի առնելով անվտանգային, էներգետիկ եւ բազմաթիվ խնդիրներ։ Ուշագրավ է, որ վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով ինքն է գազ վաճառում եվրոպական երկրներին՝ հաշվի առնելով այս տնտեսական պատժամիջոցները։ Կարող է՝ մի օր այնպիսի դեպք պատահի, որ Ռուսաստանը գազը վաճառի Ադրբեջանին, ու  Ադրբեջանն էլ գազը մատակարարի Հայաստանին։ Այդպիսի տարբերակ կարող է տեսականորեն լինել։ Հետեւաբար այս պահին, հաշվի առնելով անվտանգային եւ այլ գործոններ, քիչ հավանական է, որ մենք գազամատակարարում կունենանք, եւ եթե ունենանք էլ, անշուշտ պետք է հաշվի առնել նաեւ ռուսական կողմի շահերը։ Ռուսաստանի հետ մենք ունենք գազամատակարարման պայմանագիր, որը գործում է մինչեւ 2043 թվականը, եւ այդ պայմանագրի համաձայն՝ ռուսական կողմն է Հայաստանի միակ գազամատակարար երկիրը, եւ Հայաստանը, եթե կտրուկ փոփոխություն անի, պետք է նաեւ ռուսական կողմի հետ պայմանագիրը քննարկի։ Մենք ունենք պայմանագրային պարտավորություններ։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

Ի՞ՆՉ ԿՍՊԱՍՎԻ ՀԱՅ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Հայ ռազմաքաղաքական գերիների ճակատագիրը շարունակում է մնալ օդից կախված։

 

Բաքուն մինչ այս պահը անհեթեթ պատճառաբանություններով հետաձգում էր հայ ռազմաքաղաքական գերիների դատավարությունը, ովքեր, ի դեպ, ապօրինաբար են պահվում Բաքվում։

2025 թվականի հունվարի 17-ին կկայանա Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը, որի մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական առաջնորդներին, որոնք ապօրինաբար ձերբակալվեցին 2023 թվականի սեպտեմբերին եւ հոկտեմբերին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ՝ էթնիկ զտման ենթարկելով 120.000 հայի։

Ադրբեջանական այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունվարի 17-ին կայանալիք դատական նիստը լինելու է նախնական, եւ այդ օրը միայն կորոշվի՝ դատավարությունը բաց, թե փակ ձեւաչափով է լինելու։

Նաեւ նշենք, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում առաջադրված շինծու մեղադրանքների պատճառով։

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 




Լրահոս