Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը եւ կա տուժած: Տեղում պարզվել է, որ Hyundai Accord մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը՝ խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին:
Պատգամավորի գործընկերները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել են՝ Սահակյանը օդանավակայան է գնացել, դիմավորել է արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի: Դեպքից հետո ArmLur.am-ը փորձում է պարզել առեղծվածային մահվան հանգամանքները՝ հարցուփորձ անելով Մհեր Սահակյանին ճանաչողներին:
Հանրագումարի բերելով բոլոր կասկածելի հարցերը՝ առանձնացնում ենք դրանցից կարեւորները:
Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը:
Ո՞ւմ հետ է եղել:
Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։
Ո՞ւմ հետ է խոսել վերջին անգամ, ի՞նչ է ասել։
Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով:
Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսեւորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից: 2024 թվականի ապրիլի 16-ին նրան մահակներով, զինված դիմակավորված անձինք դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին:
Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված՝ մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը:
Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը, եւ մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ:
Ամեն դեպքում այժմ պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքը, ընկերները, գործընկերները շոկի մեջ են։ Մի ողջ օր փնտրելուց եւ ողբերգական լուրը լսելուց հետո բոլորն ունեն այս հարցերը, իսկ դրանց պատասխանը պետք է տա քննչական կոմիտեն: Ընդ որում՝ շուտափույթ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ Է ԿԻՐԱՌՎԵԼ
Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում կայացել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։
Վերջինիս նկատմամբ դատարանը տուգանք է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի՝ 525 հազար դրամի չափով։
«Դատարանը վճռեց Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման համար եւ նրա նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի՝ 525 հազար դրամի չափով»,- հայտնեց դատավոր Տիգրան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու մեջ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՈՒՆԻ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կենսագրություն
Ծնվել է 1998 թ. նոյեմբերի 25-ին Գյումրիում։
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի հունվարի 13-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական։
2023 թվականի դեկտեմբերի 6-ից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։
2023 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի հունվարի 3-ը եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբան։
2022 թվականի հուլիսի 1-ից 2023 թվականի նոյեմբերի 1-ը եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջներն ընդունող մասնագետ-իրավաբան։
2021 թվականի հոկտեմբերի 20-ից 2022 թվականի հուլիսի 1-ը եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի մասնագետ-իրավաբան։
Կրթություն
2024թ.-ից առ այսօր սովորում է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 2022
2024թթ. սովորել է «ՀՀ փաստաբանական ակադեմիա» հիմնադրամում։
2022-2024թթ. սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2016-2022թթ. սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
Մասնագիտական զարգացման
ծրագրեր
2024 թվականի հոկտեմբերի 24-25-ը Երեւանում մասնակցել է «Financial Ombudsman’s Institute Navigating the Future: Crypto Assets and Blockchain» խորագիրը կրող կոնֆերանսին։
2024 թվականի հոկտեմբերին մասնակցել է Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված 15 ժամ տեւողությամբ «Վարկեր, վարկային վերլուծություն» խորագիրը կրող դասընթացների շարքին։
2024 թվականի սեպտեմբերի 4-ին Երեւանում մասնակցել է «Second Annual Armenian International Arbitration Conference» խորագիրը կրող կոնֆերանսին։
2023 թվականի հոկտեմբերի 23-24-ը Երեւանում մասնակցել է «THE new era of dispute resolution» խորագիրը կրող կոնֆերանսին։
2022 թվականի նոյեմբերի 16-18-ը Լեհաստանում (ք. Վարշավա) մասնակցել «SOLIDARITY ARBITRATION AND MEDIATION DAYS» խորագիրը կրող կոնֆերանսին։
Զինվորական ծառայություն
2017-2019թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Իրականացրել է մարտական հերթապահություն։
Զինվորական կոչումը՝ սերժանտ։
Այլ տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուներին։
Ամուսնացած չէ։