ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։

 

Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ սույն թվականի հունվարի 10-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով, իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։

Մասնավորապես, սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռեւս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երեւան:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ՀՀ քաղաքացիներ Ռ.Ս-ն, Ա.Ա-ն եւ Կ.Ս-ն ձերբակալվել են եւ իրենց ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության վարչական տարածք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերեւույթ հանցանքի մասին հաղորդման եւ կից ներկայացված՝ համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով կատարված խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց՝ որից 8 կգ «Մարիխուանա» եւ 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ռ.Ս-ի, Ա.Ա-ի եւ Կ.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ՔԿ

 

 

ԶՈՐԱՄԱՍ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՈՒ ԼՔԵԼ Է ՀՀ ՏԱՐԱԾՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Յուրիկ Մկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ն զորամասի ավագ տեխնիկ, կոչումով կապիտան, կատարել է դասալքություն՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 08:45-ին, նա չի ներկայացել ծառայության եւ նույն օրը՝ ժամը 15:34-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով լքել է ՀՀ տարածքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԱՐՈՒՅԹ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ պաշտոնատար անձինք, կենդանիների արտահանման գործընթացում հայտնաբերած խախտումները չարձանագրելու դիմաց, կաշառք են ստացել եւ կատարել պաշտոնեական կեղծիք: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են նաեւ կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ, այդ թվում՝ 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Մասնավորպես, պարզվել է, որ Ու. Ջ.-ն 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակում, սակայն, ունեցել է էական բացթողումներ։ Այսպես՝ նախքան արտահանումը կենդանիների 21-օրյա կարանտինացումը սկսելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու համար իրավասու պետական մարմնին ներկայացված դիմումում որպես արտահանման քանակ է նշել 580 գլուխ կենդանի, սակայն փաստացի՝ կարանտինացվել է 345 գլուխ: Ընդ որում, կենդանիներից 50-ի վերաբերյալ կարանտինացման կետ կենդանիների տեղափոխման անասնաբուժական Ձեւ 1 վկայականն առկա չի եղել։

ՀՀ ՍԱՏՄ գլխավոր տեսուչներ Շ. Ս.-ն եւ Վ. Գ.-ն 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած այցերից մեկի ընթացքում հայտնաբերել են վերը նշված խախտումները, սակայն դրանք չարձանագրելու դիմաց խմբով Ու. Ջ.-ից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ Վ. Գ.-ի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք առ այն, որ կարանտինացման կետում գտնվում է 574 գլուխ կենդանի եւ առկա է Ձեւ 1 վկայականը: Հիշյալ կեղծ տեղեկանքն այնուհետեւ դրվել է պաշտոնական շրջանառության մեջ, եւ դրա հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։

Հետագայում պակասող գլխաքանակի առկայության վերաբերյալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք եւ անասնաբուժական Ձեւ 1 վկայական ստանալու համար Ու. Ջ.-ն դիմել է Արմավիրի համայնքապետարանի անասնաբույժ Ա. Դ.-ին, ով կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար Ու. Ջ.-ին հայտնել է, թե իբր Արմավիրի մարզի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ 50.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց տրամադրել պահանջվող կեղծ փաստաթղթերը: Ու. Ջ.-ն ընդունել է այդ առաջարկը, որից հետո Ա. Դ.-ն դիմել է իր որդուն՝ անասնաբույժ Գ. Դ.-ին, Ձեւ 1 վկայական տրամադրելու համար: Որդու կազմած կեղծ փաստաթուղթը Ա. Դ.-ն փոխանցել է Ու. Ջ.- ին եւ նրանից ստացել պահանջած 50.000 ՀՀ դրամը, որը որեւէ պաշտոնատար անձի չի փոխանցել, այլ տնօրինել է անձամբ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

 

 




Լրահոս