Կարեւոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից եւ ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլեւ մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին եւ անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին եւ ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու եւ ԵՄ-ի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։
-ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարեւորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից եւ կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն եւ խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։
ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաեւ նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը եւ գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու եւ Երեւան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ. հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
-Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ եւ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների եւ տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։
-ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ եւ երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ։
-Ալիեւի հայտարարությունները խարխլում են ԵՄ-ի վստահելիությունը որպես միջնորդ Հարավային Կովկասում եւ սպառնում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղուն։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում պահպանել իր դերը որպես արդար եւ արդյունավետ միջնորդ, եւ արդյոք կլինե՞ն շոշափելի հետեւանքներ Ադրբեջանի գործողությունների եւ հռետորաբանության համար։
ԵՄ-ն կրկին ընդգծում է, որ կարեւոր է, որպեսզի կողմերը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից եւ ուժի կիրառման սպառնալիքներից։
Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատմանը։ Բացի միջազգային այլ ջանքերից, «Բրյուսելի գործընթացը» 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել քննարկումներում հիմնական հարցերի շուրջ։ Սա ապահովեց կառուցվածքային շրջանակ եւ անհրաժեշտ տարածք՝ կարգավորման գործընթացը առաջ տանելու համար, ինչը գնահատվել է երկու կողմերի կողմից։
ԵՄ-ն մեծապես ողջունում է դրական առաջընթացը, որը տեղի ունեցավ հետագայում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ եւ հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։ ԵՄ-ն պատրաստակամ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել երկու կողմերին էլ։
ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԼՈՒՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականի մարտի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվել է «Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել» վերտառությամբ հոդվածը: «Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երեւանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին։
«Հայրենանվիրությունը» կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգեւատրումը չկազմակերպեին»։ Այդ «պարգեւատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44.249.499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021 թվականին յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022 թվականին, երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետեւանքով եւ նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինն ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով։
Ընդհանուր առմամբ 150 ավտոբուսները 2022 թվականին գնվել են մոտ 3.4 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։
Ըստ իրավապահ աղբյուրներից ստացած տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ»։
Նկատի ունենալով, որ նշված տեղեկությունները ստացվել են չճշտված աղբյուրից, ուստի վերը նշված տեղեկությունները ՀԵՐՔՈՒՄ ԵՆՔ։
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց, շրջել դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է. «Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության եւ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին»։ Ինչպե՞ս է դպրոցի շինարարությունը նոյեմբերին ավարտվել, եթե շենքը մինչեւ 2024 թվականի վերջ շահագործման չի հանձնվել, անցած տարի այնտեղ դասեր չեն կայացել։ Շինարարությունն իրականացրել է Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ընկերությունը։ Դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2023 թվականի ամռանը, շահագործման ժամկետը մեկուկես տարի ուշացել է։ 2021թվականի սեպտեմբերից՝ ավելի քան 3 տարի, Գանձաքարի միջնակարգ դպրոցի 465 աշակերտները դասեր են արել գյուղի մշակույթի տանը եւ փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկում՝ մասնավոր անձին պատկանող տարածքում, հարմարեցված դասասենյակներում։ Փոստային բաժանմունքի շենքի 2-րդ հարկի տարածքի համար Գանձաքարի դպրոցը մասնավոր անձին ամեն ամիս վճարել է 150 հազար դրամ։ Դպրոցի շինարարության համար սկզբում նախատեսվում էր հատկացնել 1 միլիարդ 882 միլիոն դրամ:
ՄԱՐԶՊԵՏԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Տավուշի նախկին մարզպետները մարզի համայնքներում քաղաքացիների ընդունելություն էին կատարում, ըստ հնարավորի՝ աջակցում քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը համայնքներում քաղաքացիների ընդունելություն չի կատարում։ Նրան հարցում ենք արել 2025 թվականին. «որպես մարզպետ՝ նախատեսո՞ւմ եք մարզի համայնքներում՝ Բերդում, Նոյեմբերյանում, Դիլիջանում քաղաքացիների ընդունելություն կատարել, եթե այո, ապա ի՞նչ ժամանակացույցով եք ընդունելություն կատարելու»։ Մարզպետարանից պատասխանել են. «2025 թվականին նախատեսվել է ընդունելություն մարզի բոլոր համայնքներում՝ ըստ անհրաժեշտության»: Ըստ անհրաժեշտությանը ո՞րն է, մարզի համայնքների բնակիչներից բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել, որ մարզպետ Ղալումյանը իրենց համայնքում քաղաքացիների ընդունելություն չի կատարում, մարզկենտրոն Իջեւան հասնելու դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ այդ օրը մարզպետը աշխատավայրում կլինի կամ իրենց կընդունի։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ