ՀՀ ազգային ժողովում եւ Կառավարությունում տառացի անգրագիտության եւ փնթիության խայտառակ դրսեւորումներ են նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Կառավարությունից Ազգային ժողով է հասել պաշտոնների եւ պաշտոնյաների մասին սխալներով:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից ՀՀ Ազգային ժողով է հասել մի գրություն, որով նախարարը ԱԺ 3 հանձնաժողովների ղեկավարներին հրավիրում է միջոցառման: Փաստաթղթում նշված է, որ հրավիրվում են «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը»:
Նկատենք, որ 3 հանձնաժողովներից միայն 1-ի` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու անուններն են ճիշտ գրված: Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին մամուլը գրեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը հրաժարվել է ԱԺ Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց այն բանից հետո, երբ Նարեկ Զեյնալյանը անարդար պահանջով հրաժարվեց պատգամավորի իր մանդատից: Այսինքն՝ նրա հրաժարականից հետո այս պահին հանձնաժողովը փաստացի անկառավարելի է, քանի որ դեռ նախագահի նոր ընտրություններն էլ չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այս մասին դեռ դեկտեմբերի 12-ին:
Իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ապա երբ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ն քաղաքական ապօրինություններով հեռացրեց պաշտոնից, այդ հանձնաժողովը մնաց առանց նախագահի եւ այդպես է մինչ օրս: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, սակայն սոցապ նախարարությունից Բաքոյանին ներկայացրել են որպես հանձնաժողովի նախագահ:
Բայց սա չէ ողջ զավեշտը: Խնդիրն այն է, որ պաշտոններն ու պաշտոնյաների մասին սխալ տեղեկություններով գրված այս փաստաթուղթը ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ընդունել է: Բավական չէ, որ ընդունել է, դեռ ավելին` վերահասցեագրել է նշված անձանց: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ԱԺ աշխատակազմի ղեկավար Առաքելյանի փաստացի դրսեւորված ոչ կոմպետենտության, ոչ պրոֆեսիոնալիզմի եւ անգրագիտության մասին:
ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի խորհրդարանի պատգամավորը: Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 12 առաջարկ էր ներկայացրել Բաքվին, որոնցից մեկով առաջարկում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն, այս հարցում եւս Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը համախոհներ են։ Ադրբեջանի նախագահն էլ է պահանջում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցություններն այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց՝ Փաշինյանի անհեթեթությունն անարձագանք չի մնալու, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ ինչ եւ ինչի համար է ԵԱՀԿ Մինսկի խումբը. այս կառույցը 1992 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց, որն այժմ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն է (ԵԱՀԿ): Այն կոչված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն: ԵԱՀԿ ՄԽ-ն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ։ Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ սրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է:
ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության եւ իշխանամերձ օղակների համար։ Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով չմասնակցեց դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ապա՝ Հայաստանի եւ Բելառուսի առաջնորդները վիճաբանեցին ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության պատճառով, թե հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի հեռավար տարբերակով։ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին հավանություն տված կառավարությունից հայտնում են, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, սակայն տնտեսվարողներն ու գործարարները տագնապի մեջ են։ Բանն այն է, որ 2024 թվականին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հավաստմամբ՝ ԵԱՏՄ մաքսային բյուջե 76.2 մլրդ դրամի մուտք է եղել։ Այն 2023-ի համեմատ աճել է 1.2%-ով։ Կարելի է արդյոք ենթադրել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու թեզերը, պետական բյուջեի հարկերն ավելացնելուն զուգահեռ, նպատակ ունեն այսուհետեւ ֆինանսական որեւէ ներդրում չանել ԵԱՏՄ-ում։ Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեի 609 մլրդ դեֆիցիտին օդ ու ջրի պես անհրաժեշտ են անհիմն ծախսվող միլիարդները։ Ու հիմա Կառավարությունում մտածում են՝ ծրագրերը չկատարեն, որ գումար խնայեն: Ի դեպ, չի բացառվում՝ դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ քովիդի շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի վրա։ Մասնավորապես, մեղադրյալները սպասում են, որ նա կգնա դատարան ու ցուցմունք տալով կապացուցի, թե ինչ ապօրինի գործ են հարուցել իրավապահ մարմինները, ու իր ենթակայության տակ գործող պաշտոնյաները ինչքան անմեղ են: Ասել է թե՝ «քովիդի գործով» մեղադրյալները հույս ունեն, որ Թորոսյանը, ինչպես ճողոպրեց այս քրեական գործից որպես ենթադրյալ մեղադրյալ, նույնպես եւ դատարանից չոր դուրս կգա: Հայտնել էինք, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: Մեր տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է: