ԻՆՉ ԿՎՃՌՎԻ ԱՐՑԱԽԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է արդեն այսօր՝ հունվարի 17-ին, Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված գործով նախապատրաստական դատական նիստը կկայանա: Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին եւ Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Դատավարության եւ հնարավոր վճիռների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Տիկի՛ն Հակոբյան, գիտենք որ այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունն է կայանալու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ սպասել դատավարությունից, ի՞նչ որոշում կկայացվի, քանի որ շատ են տեսակետներրը, որ գուցե ընդհուպ ցմահ դատապարտում վճռվի։
-Սա ամենացավալի հարցն է մեր իրականության մեջ, որի վերաբերյալ դժվար է կանխատեսումներ անել եւ չեմ էլ ուզում անել, բայց մինչ դրան անդրադառնալը կցանկանամ ասել, որ մենք՝ յուրաքանչյուրս, պետք է հասկանանք, որ Բաքվում այս ամբողջ մեկ տարվա ընթացքում իրավապահները ժամանակ առ ժամանակ ներկայացրել են իրականությունը, եւ գիտենք, որ այնտեղ մեր հայրենակիցները գտնվում են սարսափելի ծանր պայմաններում, խոշտանգումների են ենթարկվում, չափազանց ստորացուցիչ պայմաններում ապրում։ Յուրաքանչյուրս, որեւէ կարծիք ասելուց առաջ, նախ պետք է փորձենք մեզ պատկերացնել նման իրավիճակում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ադրբեջանը՝ մասնավորապես Բաքվի բռնապետը, բնական է, որ առիթը մաքսիմալ փորձելու է օգտագործել, եւ իր հիմնական նպատակը լինելու է մեզ ավելի խոր ճնշումների ենթարկելը, հոգեպես ավելի ընկճելը, ծանր ապրումների մեջ պահելը, մյուս կողմից, նա իր ներքին լսարանի համար է դա անում. ցույց տալու համար՝ տեսեք, սա ամենեւին էլ այն հաղթած երկիրը չէ, եւ նրանք այն հերոսները չեն այլ այն, ինչ-որ մենք ներկայացնում ենք։ Իսկ մենք գիտենք, թե այս մեկ տարվա ընթացքում նրանք ինչպիսի կեղծ տեղեկություններ են տարածել, թե՛ Արցախի ժողովրդի մասին, թե՛ քաղաքական վերնախավի մասին։ Մենք չենք կարող հաստատ իմանալ իրենք արդյոք կարողացե՞լ են կորզել այն հորինած կեղծ փաստերը, ինչը ցանկանում են ստանալ եւ ներկայացնել, թե ոչ, բայց ամեն դեպքում մենք պատրաստ պիտի լինենք ամեն ինչի ու պիտի հասկանանք, որ այն հայտարարությունները, որոնք կարվեն, միջազգային իրավունքի առումով ոչինչ են եւ չեն կարող հիմք հանդիսանալ որեւէ եզրակացության, որովհետեւ մարդիկ գտնվում են պատանդի կարգավիճակում, հետեւաբար որեւէ հայտարարություն միջազգայնորեն չի կարող ընդունվել։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք եւ հոգեպես լինենք մեր ընկերների, հարազատների, ղեկավարների կողքին, եւ ես վստահ եմ, որ իրենք հիմա ավելի շատ կարիք ունեն մեզ ուժեղ տեսնելու։
Ինչ ակնկալել մեր հայտարարությունից. բնական է, որ ակնկալիքները մեծ չեն, որովհետեւ առաջին բանը, որ պիտի արվեր, Հայաստանի իշխանությունների կողմից մեկ տարվա ընթացքում ե՛ւ գերիների ե՛ւ ռազմաքաղաքական վերնախավի, պատանդառված անձանց համար պայքարելն էր, որը ցավոք չարվեց։ Մենք այս ընթացքում հնարավոր եւ անհնար բոլոր լծակներն օգտագործել ենք՝ ե՛ւ ակցիաներ, ե՛ւ ոչ դիվանագիտական խողովակներով խնդիրները լուծելու փորձեր, սակայն մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են, ինչպես հասարակության այնպես էլ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, հետեւաբար մեկ անգամ եւս մեր հայտարարությամբ փորձել ենք սթափեցնել հիմնականում Հայաստանի իշխանություններին՝ ցույց տալով մեր ակնկալիքը իրենցից։ Բայց, ցավոք, իրենց կողմից դարձյալ լռություն է։
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԲԱՆՏԻՑ

«Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում եւ երկարատեւ ու իրական խաղաղություն են ուզում:
Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետեւյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:
Հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:
Բայց մինչեւ հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ եւ իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, եւ դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 8-ը:
Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:
Միեւնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի եւ թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
Պաշտոնապես հայտարարում եմ հետեւյալը. իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:
Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին եւ պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:
Չնայած մեր անմեղությանը եւ գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը եւ կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում եւ պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետեւյալ պահանջներին՝
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ եւ հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
3. Իմ եւ մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների եւ հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական եւ անհիմն որոշում է:
Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության եւ սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ եւ երախտապարտ եմ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար: Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ եւ հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:»




Լրահոս