ԻՆՉՈՒ Է ԿՐԿԻՆ ՓԱԿ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Լարսը կրկին փակ է բեռնատար տրանսպորտի համար։ Անգամ սահմանափակումներ են մտցվել վատ եղանակի պատճառով։ Թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը մնում է բաց։

Ֆեյսբուքյան խմբերում նույնիսկ գրառումներ կան այն հարցադրմամբ, որ արդյոք թույլ տալի՞ս են անցնել անցակետով, ինչին պատասխանել են, որ թույլ չեն տալիս անցնել միայն նրանց, ում մոտ նկատել են ինչ-որ տարօրինակ բան, որը փորձում են սահմանով անցկացնել իրենց հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար էր սպասում։
Իսկ ինչո՞ւ եւ ինչպե՞ս է առաջանում բեռնատարների խցանումը, արդյոք դա ինչ-որ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։
-Պարո՛ն Մակարյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս են առաջանում Լարսի անցակետում բեռնատարների խցանումները։
-Վերին Լարսի այդ անցակետի փակվելու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան։ Օբյեկտիվ պատճառները բնական կլիմայական պատճառներն են, որ երբեմն ուժեղ ձյուն գալու հետեւանքով՝ այդ հատվածներում անանցանելի ճանապարհներ են առաջանում, տարածքը չեն հասցնում մաքրել կամ մեքենաները դանդաղ են գնում, ինչպես օրինակ ցանկացած փողոցում երթեւեկությունը դանդաղ է, իսկ մեքենաները շատ են, գալիս են, աստիճանաբար մի հատվածում կուտակվում։ Սա մի պատճառն է։ Երկրորդը, որ ունի սեզոնային բեռնափոխադրման տարողունակություն։ Այսինքն, եթե բեռնատարները տվյալ սեզոնին ավելի շատ են բեռ տեղափոխում, որովհետեւ Նոր տարի է, դեկտեմբեր է կամ հունվար է, տարվա սկիզբ է կամ տարվա ինչ-որ եղանակ է, որ կապված է տոնի եւ կամ զուտ արտադրական գործընթացների հետ, այն երկրում, որտեղ, որ մատակարարվում է, բնականաբար կարող են բեռնատարների քանակները ուղղակի ավելի լինել, ինչպես եղավ եւ կոնկրետ Հայաստանի դեպքում, եւ առաջացնել խցանում։ Երրորդ պատճառը կարող է լինել այն, որ մաքսակետերում աշխատողների թվաքանակը, մաքսակետային այդ խցիկները, որտեղ, որ առանձին-առանձին մեքենաները մոտենում, ձեւակերպվում են, այդ քանակները երբեմն բավարար չեն լինում, ինչպես օրինակ օդանավակայանում. գնում ես անձնագրային կետերով անցնելու՝ քիչ մարդիկ կան այդ սեղանների մոտ, որպեսզի անցագրերը ստուգեն, ու կրկին հերթ է առաջանում:
Հնարավոր է, որ ուղղակի մասնագետներ չկան, վատառողջ են կամ արձակուրդում են, կամ էլ ուղղակի ռուսական կողմը քիչ է այդ օրը մաքսավորներ տրամադրել եւ մաքսակետերը հիմնականում չեն հասցնում աշխատանքը. դա էլ մեկ պատճառ է։ Հաջորդ պատճառը կարող է լինել այն, որ մեր բեռնափոխադրումների պիկը կարող է զուգադիպել այլ երկրների բեռնափոխադրումների հետ։
Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով անվտանգության չափանիշները վատացան, ռիսկերը մեծացան ու ստացվեց այնպես, որ եթե Վերին Լարսից առաջ օգտվում էր հիմնականում ավելի շատ Հայաստանը, սկսեց օգտվել նաեւ Վրաստանը, որոշ չափով Ադրբեջանը, Իրանը, որը նույնիսկ Հայաստանով տանում էր բեռներ դեպի Ռուսաստան, երբեմն էլ նաեւ Թուրքիա։ Այսինքն՝ 5 պետությունների բեռների փոխադրման կետ դարձավ Վերին Լարսը։ Իհարկե նախկինում այնտեղ 8-10 կետ էր, հետո կարծեմ դարձավ 32 կամ 36 կետ, բայց միեւնույնն է՝ կարող է այնպես լինել, որ զուգահեռաբար այլ երկիր էլ շատ բեռներ տանի այդ նույն ամսին կամ նույն շաբաթ։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում։

 

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱԺ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՆ

Հունվարի 15-ին ՀՀ ԱԺ շենքի բակում էին հավաքվել սուրճի սարքավորումներով զբաղվող տնտեսվարողները, որոնք նաեւ հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց։
Սուրճի սարքավորումների տնտեսվարողները նախկինում իրենց սարքավորումների մեկ քառակուսի մետրի համար վճարել են 500 դրամ, այսինքն՝ եղել են սարքեր, որոնց համար վճարել են 7500-15.000 դրամ։
Այժմ կա որոշում, որ սարքավորումների համար կա ֆիքսված գին՝ 40.000 դրամ։
Իսկ ի՞նչ են պահանջում տնտեսվարողները։
Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսվարողներից Արտաշես Ավանեսյանն ասաց. «Ավագանու որոշում է եղել, որ սուրճի մետաղադրամով շահագործվող ապարատներ, բանկոմատներ, տերմինալներ եւ մի շարք այլ սարքավորումների սակագին է փոխվել, այսինքն՝ դարձել է 40.000 դրամ։ 1 քառակուսի մետրի համար օրվա գինը եղել է 500 դրամ։ Ըստ ապարատների զբաղեցրած մակերեսի՝ միջինում գինը եղել է 7500 դրամ, ապարատ է եղել՝ 10.000-15.000 դրամ։ Հիմա փոխվել է եւ դարձել ֆիքսված 40.000 դրամ։ Մեր հարցն այն է, թե ինչ ստանդարտներով, չափորոշիչներով, ոլորտի ինչ ուսումնասիրությամբ է եղել, որ սակագինը որոշվել է ։ Քաղաքապետարանում հանդիպում ենք ունեցել առեւտրի վարչության պետի հետ։ Հարցեր ու պատասխաններ են հնչել, որոնց մի մասը մեզ բավարարել են, իսկ մյուս մասը չեն բավարարել»։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ կապ հաստատեց Արտաշես Ավանեսյանի հետ, ով «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ երեկ ԱԺ-ից պատասխան չեն ստացել։
«Պատասխան չի եղել, քննարկում է եղել, որի արդյունքում էլ ասացին, որ մի քանի օրվա ընթացքում կկապվեն մեզ հետ՝ հավանաբար քաղաքապետարանից։ Միգուցե հրավիրեն եւ նոր վերջնական որոշում կլինի»,- ասաց տնտեսվարողը։
Թե ինչ կլինի հաջորդիվ, սպասենք զարգացումներին։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հունվարի 20-24-ին Դավոսում (Շվեյցարիա)՝ Համաշխարհային տնտեսական համաժողովում, ողջ աշխարհի ղեկավարները կքննարկեն այս տարվա գլոբալ խնդիրները եւ առաջնահերթությունները։ Համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 130 երկրների 350 պետական ներկայացուցիչներ, այդ թվում՝ 60 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, որոնց թվում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Չինաստանի փոխվարչապետ Դին Սյուեսյանը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հանդես կգա «հատուկ ուղերձով»։ ՀՏՀ-ին կմասնակցեն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը եւ Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամադ Մուստաֆան, ինչպես նաեւ Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը: Համաժողովին կմասնակցեն Սիրիայի արտաքին գործերի ժամանակավոր նախարար Ասադ ալ-Շայբանին, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Համաժողովին կմասնակցեն նաեւ բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտության, լրատվամիջոցների եւ արվեստի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի 3 հազար մարդ։




Լրահոս