«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ». ԱՐՑԱԽԻ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի հայտարարությունը 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ. «Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խոր մտահոգությամբ եւ վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը:

Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առեւանգված եւ ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով եւ բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին՝ նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի եւ հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։
Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով եւ տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ եւ սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը եւ կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ։
Ակնկալում ենք նաեւ ՀՀ իշխանություններից, որ հետեւողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում եւ բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Հորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում եւ չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո։ Հիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում:
Ադրբեջանական բանտերում խոշտանգվում եւ դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որեւէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք»:
Արցախի Ազգային ժողով

 

 

 

 

ԿՆԵՐԴՐՎԻ «ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում երեկ տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս։ Նախարարն ամփոփել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ. իրականացված աշխատանքները, նաեւ ներկայացրել 2025 թ. նախատեսվող նախաձեռնությունները։
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» եւ «սոցիալական» նպաստների փոխարեն կներդրվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Կներդրվի նաեւ նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։ Նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, մյուս մարզերում՝ 2026 թվականից։

 

 

 

ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԵԼ
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս համատեքստում հատկապես կարեւորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում:
Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից եւ քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց շրջանում հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:
Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերն են.
հղիները,
6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները,
65 տարեկանից բարձր անձինք,
շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,
բուժաշխատողները,
փակ կազմակերպություններում գտնվող անձինք եւ սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաեւ բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա եւ պատվաստվել։

 

 

 

 




Լրահոս