Այս օրերին հայրենի քաղաքական էլիտայի ներսում ընթացող զարգացումները բազմաշերտ են ու բազմավեկտոր: Ընդ որում, դրանք փոփոխվում են անկանխատեսելի արագությամբ ու անհասկանալի ուղղություններով: Հայրենի էլիտարիատի համար Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր թերեւս երբեք իրավիճակն այսքան անորոշ ու տագնապահարույց չի եղել:
Մի կողմից երկրի տնտեսության օր օրի ավելի վատթարացող վիճակը եւ այն որեւէ կերպ շտկելու կառավարության անկարողությունը, մյուս կողմից Բաղրամյան 26-ի ներկա եւ նախկին «բնակիչների» հյուսած ինտրիգներն ու խարդավանքները երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավին գցել են գրեթե խուճապային տրամադրությունների մեջ: Այդ իրավիճակին, ինչ խոսք, նպաստեցին նաեւ վերջին պաշտոնանկությունները, հատկապես երկու Կարեն Կարապետյանների եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասով, եւ իհարկե, Ռոբերտ Քոչարյանի` ոչ մի կերպ «չչեզոքացվող» գործոնը: Կարճ ասած` էլիտարիատը սպասման մեջ է, տագնապալից սպասման:
Եւ ահա այս իրավիճակում հայկական հայտնի իրականության համար աննախադեպ համարձակ ու հաջողակ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը որտեղից որտեղ հիշում է ռուսաստանաբնակ, սակայն ներկայումս Ֆրանսիայում գտնվող հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանին` ներկայացնելով վերջինիս սկանդալային հայտարարությունը` իր «ցուցակում» գրանցված ՀՀ որոշ օլիգարխների` երկրից վտարելու մասին: Սա, ինչ խոսք, բավական հետաքրքրական բաղադրիչ մտցրեց վերը նկարագրված մթնոլորտում: Ընդ որում, իրավիճակի նրբությունն այն է, որ Հայրապետյանը, չափազանց կոշտ կերպով քննադատելով հայրենի օլիգարխիատին, այդուհանդերձ, որեւէ թթու խոսք չասաց այդ օլիգարխների իրական «պապայի»` երկրում կոռուպցիայի, ամենաթողության եւ միլիոնատեր նախարարների բուծման գլխավոր պատասխանատուի` Սերժ Սարգսյանի հասցեին: Ավելին, ըստ մեր ունեցած տեղեկությունների` ի սկզբանե նախատեսված էր, որ Հայրապետյանը պետք է իր «ցուցակից» առնվազն մի քանի հոգու անուններ նշի: Սակայն, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, մինչեւ վերջերս Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող Հայրապետյանը վերջին պահին խուսափել է դա անելուց` բավարարվելով ընդամենը օլիգարխների բարեգործության մասին հնչեցրած գնահատականով:
Ու թեեւ Հայրապետյանի այդ գնահատականն անմիջապես կապվեց Գագիկ Ծառուկյանի հետ, պետք չէ մոռանալ նաեւ դրա հնարավոր մյուս հասցեատերերին` ի դեմս գործարար Սամվել Կարապետյանի` Կալուգայի Սամոյի եւ նրա եղբոր` Հայաստանում բարեգործությամբ զբաղվող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, որը, մեծ հաշվով, Բաղրամյան 26-ից, արդյունքում նաեւ Հայաստանից վտարվեց: Ավելի փափուկ եւ «սոլիդ» ձեւով քաղաքապետի պաշտոնից վտարվեց նաեւ Կարեն Կարապետյանը, որը, չնայած ամենատարբեր մակարդակով բարձրաձայնվող խոստումներին, այդուամենայնիվ, մինչ օրս Ռուսաստանում որեւէ պաշտոն չի ստացել: Այսինքն` Հայրապետյանի հարցազրույցում պետք չէ անտեսել նաեւ այս նրբերանգը:
Սակայն, գլոբալ իմաստով, հայրենի օլիգարխիատի մի զգալի մասի կողմից Հայրապետյանի այս «ինքնաբուխ» հարցազրույցն ընկալվեց որպես Սերժ Սարգսյանի կողմից որոշ քոչարյանամետ ու «աբիժնիկ» օլիգարխների արված զգուշացում: Եւ ըստ ամենայնի` նաեւ այդ զգուշացումը քննարկելու ու դրանից արվելիք հետեւությունները հստակեցնելու նպատակով են Դուբայում հավաքվել օլիգարխիատի հենց այդ կատեգորիայի ներկայացուցիչները, ինչի մասին արդեն գրել ենք մեր երեկվա համարում: Ընդ որում, բավական ուշագրավ է, որ Դուբայում ընթացող, այսպես ասենք, «աբիժնիկ օլիգարխների անվտանգության խորհրդի» նիստին զուգահեռ կամ ի պատասխան` երեկ Հայաստանում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել նաեւ Սերժ Սարգսյանը: Ու թեեւ պաշտոնապես հայտարարված օրակարգը կարծես թե տեսանելի կապ չունի վերն ասվածի հետ, սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Սերժ Սարգսյանն ակնհայտ նյարդային է եղել, ընդհուպ բավական կոշտ կերպով հանդիմանել է ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանին` խորհուրդ տալով խոսելու փոխարեն ավելի լավ աշխատել: Թե ԱԱԽՔ-ի աշխատանքի կոնկրետ որ մասից է դժգոհ եղել Սերժ Սարգսյանը, դժվար է ասել, սակայն որ առաջիկայում որոշ «գործոններ» նրան էլ ավելի են «նյարդացնելու», արդեն գրեթե անկասկած է:
Նուրբ դիտողականություն ունեցող քաղաքական դաշտի որոշ հնաբնակներ չեն բացառում, որ ինչպես այս տարվա ձմեռն ու հրապարակում արդեն դրվող տոնածառը, քաղաքական հանգուցալուծումներն էլ ժամանակից շուտ գան: Համենայնդեպս` դե ֆակտո:
ՀԱՎԱՔԴ ՀԱՎԱՔԻՍ ՎՆԱՍ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ