Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է՝ ի՞նչ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում․
«2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր՝ սկսած 1935 թվականից։ Տարեկան տեղումների քանակը կազմել է 669 մմ, որը նորմայից ավելի է։
Ամենատաք տարին դիտվել է 2010 թվականին՝ 8․2 °C, իսկ ամենացուրտը 1992 թվականին՝ 3․9 °C։ Ամենախոնավ տարին դիտվել է 1963 թվականին, երբ տարեկան տեղումների քանակը կազմել է 927 մմ, իսկ ամենաչորը՝ 1961 թվականին՝ 429 մմ։
2024 թվականին դիտվել են մի շարք կլիմայական շեղումներ (անոմալիաներ), որոնք ներկայացված են ստորև․
Տաք անոմալիները
2024 թվականը սկսվեց չափազանց տաք ձմեռով։ Անցած տարվա ձմռան միջին ջերմաստիճանը բարձր էր նորմայից 4.0 °C-ով, որի արդյունքում գրանցվեց երկրորդ ամենատաք ձմեռը՝ սկսած 1935 թվականից և ամենատաքը՝ 1966 թվականից հետո։ Հաջորդ էքստրեմալ ջերմաստիճանային շեղումը դիտվեց ապրիլ ամսին։ Ապրիլը ամենատաքն էր՝ սկսած 1935 թվականից։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4 °C, որը 4․5 °C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման։
Խոնավ և չոր անոմալիները
Ամենատաք ապրիլը ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23 մմ կամ նորմայի 33 %-ը։ Նման չորային ապրիլ Հայաստանում չէր դիտվել 1935 թվականից ի վեր։ Ամենատաք և ամենաչոր ապրիլին հաջորդեց չափազանց խոնավ մայիսը։ 2024 թվականի մայիսը ամենատեղումնառատն էր՝ սկսած 1937 թվականից։ Տեղումների միջին քանակը Հայաստանում մայիսին կազմեց 161 մմ, որը գրեթե կրկնակի գերազանցում է ամսական նորման։
Մայիսի 25-ից 26-ը դիտվեցին առատ տեղումներ, որոնք բերեցին աղետալի հեղեղումների Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում և հանդիսացան մարդկային զոհերի պատճառ։
Խոնավ էր նաև հուլիս ամիսը։ Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84 մմ։ Նման տեղումնառատ հուլիս չեր դիտվել 1965 թվականից հետո»։