ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՆԱՑԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Արդեն երկու շաբաթ է Վերին Լարսի անցակետում պատանդի կարգավիճակում են հայտնվել Հայաստան շարժվող մոտ 150 բեռնատարներ: Վարորդները այնտեղ են մնացել առանց սննդի եւ տեղեկատվության ու պարզ չէ, թե երբ նրանց հնարավորություն կտրվի հատել սահմանը:

ՀԱՅԵՐԵՆ ՎԵՐՆԱԳՐԵՐ
«Միասին» երիտասարադական շարժումը երեկ հերթական երթն է անցկացրել` պահանջելով պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը: Ըստ tert.am-ի, երթը սկսվել է «Կասկադ» համալիրի մոտից: Հյուսիսային պողոտայով երիտասարդները շարժվել են դեպի կառավարության շենք` իրենց նամակը փոխանցելով վարչապետին: «Միասին»-ը գործադիր մարմնի ղեկավարից խնդրում է ավելի գործուն մասնակցություն ունենալ մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում: Երիտասարդներին անհանգստացրել էր, որ մայրաքաղաքի խանութների ցուցանակների մեծ մասը հայերեն չեն: Նրանք ամոթանք են տվել սեփականատերերին:

ՈՂՋՈՒՅՆՆԵՐ ԿՈՆԳՐԵՍԻՆ
«Չկան ավելի ողբերգական կերպարներ, քան այսօրվա մեծահարուստներն են, քանի որ աղքատ, չունեւոր մարդը ավելի հանգիստ է քնում, քան այսօրվա օլիգարխները»,-երեկ այսպիսի կարծիք է հայտնել 1991-1993թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը: «Ներկայումս մի գործընթաց է նշմարվում, երբ ամենուր` թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում մարդիկ համոզվում են, որ իրենց կյանքը իրենց չի բավարարում: Մարդը հասունացել եւ փորձում է դուրս գալ իր քաղաքական, տնտեսական եւ արժեքային կաղապարներից: Հայաստանում նույնպես ըմբոստություն է, այսօրվա աշխարհի քաղաքական առաջադեմ կաղապարները չկարողացանք ստեղծել, եւ ամենուր մարդիկ ելք են փնտրում»,-հայտարարել է Մանուչարյանը` հավելելով. «Ես ինքս էլ ընդդիմություն եմ, քանի որ ես էլ եմ ուղիներ փնտրում այդ կաղապարներից, ինչպես ամբողջ մարդկությունը: Ամեն մի ըմբոստ ոգու ողջունում եմ, այդ առումով ՀԱԿ-ի պայքարն եմ ողջունում»: Ըստ բանախոսի` իշխանության փոփոխությունն իշխող արժեհամակարգի փոփոխությունն է:

ՕԵԿ-Ը՝ ՄԻԱՅՆԱԿ
«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանական առաջիկա ընտրություններին միայնակ է մասնակցելու:  Այս մասին երեկ տեղեկացրել է ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ամեն դեպքում հայտարարելով, որ դա այս պահի դրությամբ առկա իրավիճակն է:




Լրահոս