Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը․ ինչ ճանապարհ է նա անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։ Նա ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում։ Հենրիխի ընտանիքը ֆուտբոլային է. նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը, նույնպես եղել է ֆուտբոլիստ։
Մխիթարյանին շնորհավորել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը։
«Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը: Մաղթում ենք երկար ֆուտբոլային տարիներ թոփ մակարդակում»,- ասված է «Փյունիկ»-ի ուղերձում։ Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև՝ «Շախտյոր»:

Մխիթարյանի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Հայաստանի «Փյունիկ» ակումբում, որտեղ նա արդեն իսկ աչքի էր ընկնում իր խաղով։ Շուտով նրան նկատեցին եվրոպական ակումբները, և 2009 թվականին նա տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»։

Նրա կարիերայի կարևոր փուլերից մեկը Դոնեցկի «Շախտյորում» էր, որտեղ նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը՝ վաստակելով Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

2013 թվականին Հենրիխը միացավ Դորտմունդի «Բորուսիային», որտեղ շարունակեց հաջողությունները, իսկ 2016 թվականին տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Պրեմիեր Լիգայում։ «Յունայթեդի» կազմում նա հաղթել է Եվրոպայի լիգայում՝ դառնալով եզրափակչի գոլահարը։

Հետագայում Մխիթարյանը խաղացել է Լոնդոնի «Արսենալում» և իտալական «Ռոմայում»։ Ներկայումս նա հանդես է գալիս «Ինտեր Միլան» ակումբում, որտեղ շարունակում է ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ։

Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած ավելի քան 30 գոլով։ Նա երկար տարիներ եղել է թիմի ավագը և մեծ ներդրում ունեցել հայ ֆուտբոլի զարգացման գործում։

Էմմա Միքայելյան




Լրահոս